«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները բնապահպաններին ցույց տվեցին իրենց «ատամները»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը կաշխատի` ի հեճուկս այն լուրերի, թե նրա գործունեությունը վտանգավոր է շրջակա միջավայրի համար։ Համենայն դեպս, դրանում համոզված են նրա աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները համոզված են, որ սեպտեմբերի 1-ին կրկին աշխատանքի դուրս կգան։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ընկերության աշխատակից Մխիթար Արշակյանը։

Փակուղում. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները միայն մի պայմանով խոստացան չբորբոքել կրքերը

«Լիդիան Արմենիա»(Lydian Armenia) ընկերության մոտ 200 աշխատակից և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներն օգոստոսի 13–ին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին տալ իրենց հետաքրքրող միակ հարցի պատասխանը` ե՞րբ են նրանք սկսելու աշխատել։ Բանն այն է, որ Ամուլսար տանող ճանապարհը 53 օր է, ինչ փակել են բնապահպանները։ Նրանք պնդում են, որ Ջերմուկից 13 կմ–ի վրա գտնվող հանքի շահագործումը միայն այդ շրջանի համար չէ, որ վտանգավոր է։ «Լիդիան» ընկերության աշխատակիցները ճանապարհի արգելափակման պատճառով չեն կարողանում աշխատանքի հասնել։

Ցուցարարների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ընկերության 6 աշխատակցի և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ օգոստոսի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Օգոստոսի 10-ից աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է «Լիդին Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը։

«Սիսեռյանը մեզ ասաց, որ հանձնաժողովն ընկերության գործունեության վերաբերյալ արդեն դրական որոշում է կայացրել։ Մնում է վերջնական արդյունքների սպասենք», – ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` ընկերության աշխատակիցները համոզված են, որ սեպտեմբերի 1-ից իրենք արդեն աշխատանքի դուրս կգան, քանի որ հանքը որևէ վտանգ չի ներկայացնում։ Նա կարծում է, որ հանքի շուրջ ծավալված աղմուկը պարզապես ինչ-որ մեկի շահերից է բխում։

Սիսեռյանի հետ հանդիպումից հետո Արշակյանը համոզվել է, որ ինքն ու իր գործընկերներն առանց աշխատանքի չեն մնա։ Սակայն դեռ բաց է մնում այն 677 աշխատակիցների հարցը, որոնք աշխատանքից ազատվելու ծանուցում էին ստացել։

Եվ կրկին Ամուլսարը. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Արշակյանի խոսքով` Սիսեռյանը խոստացել է աջակցել «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին։ Նա զրուցել է ընկերության ղեկավար Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, աշխատակիցներին ձեռք չտան։

Ամուլսարի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի ամսվա վերջին։

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Ամուլսարի ոսկու հանքը` պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam–ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia–ի։

«Լիդիան Արմենիան» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած: