Հայաստանի երկրորդ նախագահին ձերբակալելու և կալանավորելու պահից ի վեր հասարակությունը երկու ճամբարի է բաժանվել` Քոչարյանի պաշտպաններ և հակառակորդներ։ Քոչարյանի թեման թեժ քննարկումների աղբյուր է դարձել համացանցում և համացանցից դուրս։
Կասկած չկա, որ Քոչարյանի հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները, որոնք իսկույն արժանացան «հակահեղափոխականներ» պիտակավորմանը։ Միաժամանակ երկու կողմերն էլ ակտիվորեն ֆեյքեր տարածեցին և սկսեցին տարբեր զենքերով կեղտ շպրտել ինչպես Քոչարյանի, այնպես էլ միմյանց վրա, ընդ որում` ոչ այնքան լավ նշան բռնելով։
Քոչարյանի կողմնակիցներն իրենց հավատարմության մասին երբեմն ուղիղ են խոսում, բայց հաճախ քողարկվում են չեզոք մարդկանց դիմակի տակ։ Նրանք ասում են, որ եթե կալանավորվել է Քոչարյանը, ապա նրան պետք է միանան նաև առաջին և երրորդ նախագահները (վերջինը, մասնավորապես, մարտի 1-ի գործով)։ Իհարկե, վիճելի հարց է, բայց այդ մասին ոչ հիմա։
Սուբյեկտիվ հայացքով` Քոչարյանի կողմնակիցները հաճախ են ավելի «կացինային» գործել և պարտվել։ Սոցիալական ցանցերում աշխատելու փորձը հավանաբար ավելի քիչ է։
Միաժամանակ օգոստոսի 13-ին ի հայտ եկավ մի մեծ «բայց»։ Շատերի համար անսպասելի Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, և նա ազատ արձակվեց։ Սոցիալական ցանցերում ոչ մեծ, բայց անկեղծ սուգ տարածվեց։
Բարեբախտաբար պարզվեց, որ «հակահեղափոխության» կամ «ռևանշիզմի» և այլ անհեթեթությունների մասին 5 րոպեն մեկ հրապարակվող գրառումները ոչ մեկին պետք չեն։ Չհաշված նրանց, ովքեր դրա վրա գումար են վաստակել։
Սակայն վերադառնանք բուն գործին։ Պաշտոնական հիմնավորումը նախկին նախագահի անձեռնմխելիությունն է։ Համացանցում գտել են «մեղավորին»` դատավորին, որն այդ պաշտոնը ստանձնել է Քոչարյանի օրոք (աշխատել է նախկին նախագահի աշխատակազմում)։ Պարզից էլ պարզ է, որ նա անձամբ նման որոշում չէր ընդունի, հատկապես երբ երկրում «իրավիճակ է փոխվել»։
Բացառված չէ, որ դատավորին քավության նոխազ դարձնելը պետք է շեղի ուշադրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ունեցած դերից։
Այն, որ նոր վարչապետը գործարքի է գնացել նախկին իշխանությունների, մասնավորապես, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կասկած չի առաջացնում։ Մինչև հիմա Սարգսյանը, որը մարտի 1-ի դեպքերի առնվազն անմիջական ականատեսն է, չի կանչվել հարցաքննության։ Ամեն դեպքում Սարգսյանը, որին ոչ մի երաշխիք չի տրվել, անսպասելիորեն հեշտ զիջեց իշխանությունը և մնաց երկրում։
Հարցական է, թե այդ պայմանավորվածություններում ներառվե՞լ է արդյոք Քոչարյանը։ Այն մասին, որ նոր և հին իշխանության միջև ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, խոսում են ինչպես փորձագետները, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Առայժմ պարզ չէ, թե ինչ պայմանավորվածությունների են հանգել նոր, հին և շատ հին իշխանությունները։ Ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվեն կամ ուղիղ, կամ կողմնակի, կամ նուրբ ակնկարկներ «հաստ» հանգամանքների մասին։
Ի դեպ, եթե Փաշինյանը ոչ պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը Տավուշում, ապա Քոչարյանը (եթե նա գնա ընտրությունների) այն սկսել է բանտում։
Հատկանշական է, որ Քոչարյանի փաստաբանը չի բացառել նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը` հաշվի առնելով անձեռնմխելիության գործոնը։
Իհարկե, քննությունը կարող է լսել չար լեզուներին, որոնք պնդում են` Քոչարյանն իր նախագահության ժամանակ ապօրինաբար վաստակել է միլիոնավոր դոլարներ, բայց ինչ-որ կասկածելի է։
Եթե հանկարծ դադարեցնեն նրա նկատմամբ մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը, ապա նա կկարողանա «մաքուր» մասնակցել ընտրություններին։ Թեև այդ հեռանկարն այդքան էլ չի ուրախացնում…
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։
Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։