Փորձագետն ասել է` Հայաստանից դուրս բերված կապիտալը երբ հնարավոր կլինի վերադարձնել

Գևորգ Թորոսյանը կարծում է, որ հայկական կողմը կկարողանա տեխնիկական աջակցություն ստանալ, բայց կապիտալի վերադարձը շատ բարդ ու երկարատև գործընթաց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի`ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը պետք է դիտարկել 10 տարվա հեռանկարում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ներդրումների ու առևտրի փորձագետ Գևորգ Թորոսյանը։

Թալանողին կբռնենք. Փաշինյանը նոր աշխատաոճ է առաջարկում համայնքներին

Թեև Թորոսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում նախաձեռնությունը, բայց խորհուրդ չի տալիս Համաշխարհային բանկից արագ արդյունքներ ակնկալել, քանի որ այդ գործընթացը բազում բարդություններ ունի։ Հաջողության են հասել պետությունները, որոնց հաջողվել է իրավական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, ուր տարվել է կապիտալը։ Այդ պետություններին հաջողվել է հաշիվների ու ակտիվների սառեցման գործընթաց սկսել և ակտիվ համագործակցություն զարգացնել պատասխանատու կառույցների հետ։

«Հայկական կողմը կկարողանա տեխնիկական աջակցություն ստանալ, բայց կապիտալը վերադարձնելը շատ բարդ ու թանկարժեք գործընթաց է, պետք է իրավիճակին սթափ նայել ու հույս չունենալ, որ արագ արդյունք կլինի», — ընդգծեց Թորոսյանը։

Փորձագետը գումարների վերադարձն արագացնող գործոն է համարում արդարադատության համակարգի ու իրավապահ մարմինների հեղինակության աստիճանը։ Նրա կարծիքով` տվյալ պահին երկրում անցկացվող հակակոռուպցիոն պայքարը կարող է զգալիորեն բարձրացնել այն։ Վերջին ամիսներին այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է արվում։ Փորձագետը կարծում է, որ այն չափավոր ագրեսիվ է ու բավականին արդյունավետ։

«Հասարակության շրջանում վախ ու խուճապ չկա։ Բոլորը շատ լավ հասկանում են` ինչի համար է կոռուպցիայի դեմ պայքարը», — ասաց նա։

Հիշեցնենք` օգոստոսի 10-ին Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Նա նշել էր, որ այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։ Միրզոյանը արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը։