Ո՞վ է Արտաշատի խճուղու առանձնատներից մեկը կողոպտած երիտասարդը. տեսանյութ

Քննիչները փնտրում են տեսանյութի «հերոսին», որն առանձնատուն է մտել բաց պատուհանից։
Sputnik

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բաց պատուհանից մուտք է գործել քաղաքացու՝ Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատուն և հափշտակել պայուսակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, փաստաթղթեր և այլ իրեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ստացվել են առանձնատան տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: