Աջ ղեկով մեքենաներ ներկրելու կանոնները կփոխվե՞ն. երկու տարբերակ են քննարկում

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը բազում վարորդներին հուզող հարցի լուծման երկու տարբերակ է դիտարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2018 թվականի հոկտեմբեր կողմնորոշվել աջ ղեկով մեքենաների ներկրման ու հետագա շահագործման հարցում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Նա նշեց, որ երկու տարբերակ է դիտարկվում` կա՛մ աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը թույլատրվելու է մինչև 2020 թվականը, կա՛մ թույլատրվելու է ներկրել մեքենաներն ու հետո փոխել ղեկի տեղը։

Հուլիսի վերջին Փամբուխչյանը հանդիպել է Autocom Japan ճապոնական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանի հետ։

«Մենք երկու տարբերակ քննարկեցինք. կա՛մ ընդհանրապես հրաժարվել արգելքից, կամ թույլ տալ մեքենաներ ներկրել, բայց դրա տեղը հետագայում փոխելու պարտադիր պայմանով», — ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ այդ հարցը դեռ դիտարկման փուլում է ու կլուծվի միայն կառավարությունում քննարկվելուց հետո։

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն ` մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների ներկրումը։ Դրանից ելնելով` Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբեր արգելել է նման մեքենաներ ներկրել Հայաստան։

Հայ և իրանցի վարորդներին կազատեն ոլորաններից, բայց կխնդրեն մի քիչ վճարել

Տրանսպորտի նախարարությունում մտածում են` ընդառաջե՞լ ավտոմոբիլիստներին ու թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել, թե՞ թույլ տալ ներկրել ու փոխել ղեկի տեղաբաշխումը։ Փամբուխչյանն ասաց, որ պետք է օրենքում փոփոխություններ մտցնել, իսկ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի։

Միաժամանակ գերատեսչությունում նշում են, որ եթե ներկրումը թույլատրվի, ապա ղեկի տեղաբաշխման փոփոխությունը պետք է անպայման պրոֆեսիոնալ մակարդակով իրականացվի` տրանսպորտային միջոցի անվտանգությունն ապահովելու համար։

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը իսկապես գլխացավանք էր դարձել հայ վարորդների համար, սակայն ուրախացրել էր ղեկի տեղափոխությամբ զբաղվող վրացի մասնագետներին։ Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են աջ ղեկով մեքենաներ գնել, քանի որ դրանք ավելի էժան են, քան ԱՄՆ-ից ու Եվրոպայից բերված մեքենաները։

Վարորդներից շատերը ղեկը փոխում են Վրաստանում։ Իսկ ժամանակավոր համարանիշով ավտոմեքենան հարևան երկրում 60 օր գտնվելու իրավունք ունի, իսկ նշված ժամկետը լրանալուն պես հայ վարորդները ստիպված են յուրաքանչյուր օրվա համար 5 լարի վճարել, ինչը մոտ հազար դրամ է կազմում։

Վրացի մասնագետները, իմանալով, որ աջ ղեկով մեքենաները հնարավոր չէ անցկացնել Հայաստանի տարածք, կրկնակի բարձրացրել են ղեկը տեղափոխելու գները։ Մեքենաները հերթ են կանգնում, կա՛մ վարպետները չեն հասցնում, կա՛մ պահեստամասերի հետ կապված խնդիրներ են առաջանում, և հայ ավտոմոբիլիստները 60 օրից շատ են մնում հարևան երկրում։

Հիմնականում Հայաստան են բերում C, E, A, դասի Mercedes, BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշ մեքենաներ։ Ամենաթանկը BMW մակնիշի մեքենայի ղեկի տեղափոխումն է։