Բաքուն հարաբերություններ է հաստատում մեր դաշնակիցների հետ, մենք ապակայունացնում ենք դրանք

Շարմազանովը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, և պետք է դրանք վերադարձնել կայուն վիճակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապակայունացնում է հարաբերությունները դաշնակիցների հետ, իսկ Ադրբեջանը, հակառակը, ամրապնդում է դրանք։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի հռչակագրի մասին հարցին։

«Կասպից հնգյակ» երկրների նախագահները ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել

Օգոստոսի 12-ին կնքված հռչակագրի համաձայն` Ադրբեջանը նոր տարածքներ է ստանում Կասպից ծովից։

Շարմազանովն ավելացրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, որքան էլ նոր կառավարությունում պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները հակառակը պնդեն։

Փոխխոսնակի կարծիքով` դրա մասին է վկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` կապված Հայաստանում ռուսական զորավարժությունների հետ (Փանիկ գյուղը), ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` կապված Ռոբերտ Քոչարյանի ու բարձրաստիճան զինվորականների դեմ առաջադրված մեղադրանքների հետ։

Միաժամանակ փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանը չի կարող բավարար չափով հիմնավորել` ինչու է Հայաստանը ներկա ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եթե երկիրը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է։ Հարցն այն չէ` Հայաստանը պետք է մասնակցի, թե ոչ, այլ այն` ինչպես է Փաշինյանը հիմնավորել դա. նա նշել է, որ Սերժ Սարգսյանն էլ է այդպիսի զորավարժությունների ներկա եղել։

«Ու այդ ֆոնին մեր հակառակորդը փաստաթուղթ է կնքում ԵԱՏՄ-ի երկու կարևոր մասնակիցների` Ռուսաստանի ու Ղազախստանի և մեր շատ կարևոր հարևան Իրանի հետ», — ասաց փոխխոսնակը։

Մինչդեռ Հայաստանի նոր ղեկավարությունը Երևանում հանրահավաք է կազմակերպում։

«Ներկայիս իշխանությունը կրկնում է` «դուխով, դուխով»։ Դուխով ո՞ւր են հասնելու։ Սա մեր ընդհանուր երկիրն է։ Մենք չենք չարախնդում, մենք նախկին իշխանության բարդույթ չունենք։ Արտաքին հարցերում ես Փաշինյանի կողքին եմ, բայց ես լրջորեն մտահոգված եմ», — ընդգծեց Շարմազանովը։

Պատգամավորը համոզված է, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները պետք է պահել, իսկ Ռուսաստանի հետ փոխադարձ վստահությունը վերականգնել։

Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը կբացառի ծովում ոչ տարածաշրջանային տերությունների ներկայությունը։