Ուտե՞լ, թե՞ չուտել, այս է խնդիրը. ի՞նչ վտանգ է թաքնված հայկական պաղպաղակներում

Սպառողների շահերի պաշտպանները խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ։ Ավելի լավ է քիչ ուտել, բայց լավն ուտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ամռան ամիսներին ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքը` պաղպաղակը, պարզվում է` այնքան էլ անվտանգ չէ սպառողների ու մասնավորապես երեխաների համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

«Օրեր առաջ ինձ մոտ բերեցին պաղպաղակ, որի 100 գրամը պարունակում էր 2.2 գրամ տրանսճարպ։ Երեխան օրվա ընթացքում 0.5 գրամից շատ տրանսճարպ չպիտի ստանա։ Նշանակում է` 70 գրամանոց պաղպաղակի սպառումից երեխան թույլատրելի շեմը գերազանցում է 3.3 անգամ»,- ասաց նա։

Տրանսճարպը, Պիպոյանի մեկնաբանմամբ, ածխածնի միջոցով հագեցած (հիդրոգենացված) բուսայուղն է, որի շնորհիվ այն բնական հեղուկ վիճակից վերածվում է պինդ յուղի։

«Ավելի լավ, քանի Իտալիայում». ինչպես է սև պաղպաղակը գրավում Հայաստանը

«Սրա վատը ո՞րն է։ Օրգանիզմը պաղպաղակի հետ ընդունում է մի բան, որն իր համար անհասկանալի է։ Եվ քանի որ օրգանիզմը չգիտի, թե այն ինչպես պետք է յուրացնի, սկսում է արհեստական եղանակով խոլեստերին արտադրել, որովհետև հա՛մ հիդրոգենացված է, հա՛մ խոլեստերինի քանակությունն այնքան չէ, ինչքան կարագի մեջ։ Եվ օրգանիզմի նյութափոխանակությունը սկսում է խանգարվել»,- տրանսճարպերի վտանգավորությունը մարդու համար այսպես է բացատրում Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով` հետազոտվել են հայաստանյան գրեթե բոլոր հայտնի արտադրողների` «Գրանդ Քենդի», «Շանթ», «Թամարա», «Աշտարակ կաթ» ֆիրմաների պաղպաղակները։ Բայց թե դրանցից որոնց մեջ են օգտագործվում վերոհիշյալ տրանսճարպերը, Դավիթ Պիպոյանը չցանկացավ հայտնել, որպեսզի իր խոսքը հակագովազդ չընկալվի, բայց նաև ակնարկեց` լիարժեք անվտանգ հայկական պաղպաղակ գրեթե չկա։

Առավել անվտանգը, Պիպոյանի խոսքով, առավել թանկարժեք, հիմնականում`արտասահմանյան արտադրության պաղպաղակներն են։

«Դրանք, իհարկե թանկ են, բայց ես, օրինակ, գերադասում եմ, շաբաթվա մեջ 1-2 անգամ պաղպաղակ ուտել, բայց լավն ուտել»,- ասաց նա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ պատմեց, որ պաղպաղակ գնելիս ինքն անձամբ փորձել է ընթերցել բոլորի մակնշումներն ու գտնել բնական կաթից պատրաստվածը։

«8-9 տեսակի պաղպաղակ կար, ու ձևի համար ոչ մեկն առանց կաթնամթերքի փոխարինիչի չէր»,- ասաց Պիպոյանը։

Հայաստանյան խանութներում վաճառվող ո՞ր պաղպաղակներն են վտանգավոր և որոնք անվտանգ. այս հարցի պատասխանը Սննդի անվտանգության տեսչական մարմինն առայժմ չունի։ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ պաղպաղակի շուկայում սկսել է շրջայցեր իրականացնել` հաշվի առնելով պաղպաղակի սպառման սեզոնային ու ռիսկային գործոնները։

Բայց մինչ պետական մարմինը կուսումնասիրի հայաստանյան խանութներում վաճառվող պաղպաղակներն ու դրանցում թաքնված հնարավոր վտանգները, տեսչության ղեկավարը, արձագանքելով հասարակական կառույցների բարձրաձայնած մտահոգություններին, ասաց. «Եթե մի բանն արգելված չէ, կա համապատասխան մակնշում, գրված է, որ տվյալ մթերքը պարունակում է բուսական յուղ կամ կաթի փոխարինիչ, ապա այս մթերքի հետ որևէ խնդիր չկա»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` սպառողն այս պարագայում ինքն է որոշում` գնել տվյալ ապրանքը, թե ոչ։ Ավետիսյանը խորհուրդ տվեց` պիտի սովորենք կարդալ, որպեսզի չխաբվենք։