Ես ամուսնացած չեմ․ հրապարակային անձնականը, կամ հայկական հետաքրքրասիրությունն ուրիշ է

Ես Նանան եմ, 27 տարեկան եմ ու ամուսնացած չեմ։ Այնպես է հնչում, ասես հոգեբանական օգնության ակումբում լինեմ, սակայն ոչ ոք չի պատրաստվում ծափահարել։ Մեր հասարակությունում ընդհանրապես կարևոր չէ՝ քանի դիպլոմ ունես, որքան ես վաստակում ու կյանքում ինչի ես հասել, կարևորը, որ դու՝ խեղճ աղջիկը/տղան ամուսնացած չես։
Sputnik

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ամուսնությունը զուտ անձնական հարց է։ Բայց ոչ մեզ մոտ։ Ոչ Հայաստանում։ Այստեղ քո միայնությունը (նույնիսկ կամավոր) մամաներ,  պապաների, պապերի, տատերի, հարևան Վարդուշի, խնամախոս Վարազդատի ու նույնիսկ վաճառողուհի Ռիմայի խնդիրն է։

Ու կարծես ոչ ոք չի մտածում, որ անձնական տարածությունը չափազանց ինտիմ բան է, ու ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես ապրել։ Ու որ հենց անձնական սահմանները գծելը սեփական՝ գիտակցված ընտրության համար պատասխանատվության կրելու կարողության առաջին քայլն է։

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»

Եթե լրիվ անկեղծ, ապա մենք բոլորս արդեն սովոր ենք, որ մեր անձնական տարածքը մշտապես խախտում են հիմնականում «ե՞րբ ես ամուսնանալու» ոճի հարցերով։

Ամենավատն այն համառությունն է, որով շուրջբոլորն ուզում են քեզ ճիշտ ուղու վրա կանգնեցել։ Հանկարծ հորաքույրերն ու քեռիները հիշում են, որ Հայաստանում տղամարդու միջին ամուսնական տարիքը 27-29 տարեկանն է, իսկ կնոջը՝ 24-25։ Պարզվում է, որ եթե նույնիսկ վաղը ծննդաբերես, միևնույնն է արդեն շատ ուշ է, դու պարզապես չես գիտակցում ու քո համար ապրում ես։ Միանգամից հիշեցնում են՝ մայրս 19 տարեկանում է ինձ ունեցել, իսկ հորաքույրս 27-ում արդեն երեք երեխա ուներ։ Հետո, անպայման, գենետիկական անալիզ են անցկացնում, որ պարզեն` «էդքան անբաշար ում ես քաշել»։

Բայց դա էլ դեռ տանելի է։ Անտանելին մշտական խնամախոսությունն է։

Օրերս ընկերներիս տանն էի։ Ինչպես միշտ բազում հյուրեր կային, գրեթե բոլորն ընկերուհիների կամ կանանց հետ։ Երկու սեղան կար՝ մեծ՝ 20-25 մարդու համար, ու փոքր՝ երեխաների համար, ինչպես իննսունականներին էին անում։

Ամուսնացածներին մեծ սեղանի մոտ նստեցրին, իսկ մեզ՝ միայնակներիս, փոքրի։ Հավանաբար, որ «նեթվորքինգ» իրականանա։

Իմ մասին լավ հոգ էին տարել․սեղանի շուրջ ես էի ու մի քանի հավանական փեսացու։ Խնջույքի վերջում մենք արդեն ընկերացանք ու ինքներս սկսեցինք խախտել անձնական սահմաններն ու հարցնել միայնակության պատճառների մասին․վերջիվերջո մենք էլ ենք չէ այդ մտածելակերպի կրողները, ու դա անհաղթահարելի է։

Պարզվեց, որ տղաները շատ ավելի ռոմանտիկ են ու փորձում են գտնել այն միակին, ով կսիրի։ Ու երեխա կբերի։ Սոցիալական գործոնն էլ կա, բայց այդ օրը փեսաներին  ընտրել էին՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները, որ հա՛մ գեղեցիկ լինի, հա՛մ էլ հարուստ ու խելացի։

Քիմ Քարդաշյանի 11 բոյֆրենդները. ծեծից մինչև փառք տանող ճանապարհը

Երեկոն ավարտվեց, բայց հետո հասկացանք, որ թեման դեռ շարունակվում է։ Հաջորդ օրերին խնջույքի բոլոր մասնակիցները, իմ բարեկամները ինձ հարցախեղդ էին անում՝ «մեկին հավանեցի՞ր»։ Իսկ երբ տեսնում էին, որ ոչ, բոլորը նույն հոգնեցուցիչ պատմություն էին պատմում՝ թե ինչքան դժվար է օր ծերության մենակ մնալը։

Ավելի ուշ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ վաղուց հոգնել է ամուսնուց, մյուսը հիշեց իր փնթփնթան սկսեսուրի մասին, երրորդը պատմեց հարսիկի հետ խնդիրների մասին, չորրորդը խանդից մեռնում է, հինգերորդը նոր է սկսել հանդիպել ու դեռ ամեն ինչից գոհ է։

Բայց արդյունքում, միևնույնն է, բոլորը մի հին եզրահանգման են գալիս` պետք է ամուսնանալ։

Ու բոլորը նույն՝ չուգունե փաստարկն են բերում՝ բոլորն այդպես են անում։

Նայելով այդ «հավասարեցմանը» մարդ մտածում է՝ երբ են մարդիկ, վերջապես, ուրիշներին նմանակելուց հոգնելու և սկսելու ապրել իրենց համար՝ սեփական երջանկությամբ ու սեփական խնդիրներով։

Երևի՝ ոչ այս հարյուրամյակում։ Ափսոս։