Փաշինյանը խոստացավ պատժել. հետո թող չասեն` քաղաքական հետապնդում է

Առաջիկայում նախանշված ընտրությունների ընթացքում կաշառք բաժանողները դատապարտվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառք տվող բոլոր անձինք դատապարտվելու են։ Այսօր Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` զգուշացնելով` հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է։

Վարչապետը նշեց, որ քաղաքացին ինքը պիտի պայքարի ընտրակաշառք առաջարկողների դեմ։

Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը

«Մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, վարչապետի խոսքով, ժողովրդի ձայնը պետք է դառնա որոշիչ երկրի տնտեսական, քաղաքական կյանքում։

«ՀՀ քաղաքացին այլևս չի համակերպվելու պարտությունների, անհավասարությունների, ապօրինությունների հետ, որ ՀՀ քաղաքացին այսուհետ լավատեսորեն է նայելու ապագային, լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, լինելու է աշխատող, արարող ու բարիք ստեղծող»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոր իշխանության առաջարկած նոր ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանական ուժերի հետ քննարկումներն ավարտվել են, մեկնարկել է արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման փուլը։

ԱԺ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կայանալու են 2019թ-ի գարնանը։