ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. 140-ից ավելի երիտասարդներ այս տարի վերադարձել են Հայաստան` պարտադիր զինվորական ծառայություն անցնելու։ Այս մասին այսօր ՊՆ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղաներ արտասահմանից եկել և ներկայացել են զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել, և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:
Իսկ ընդհանրապես առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատ նվազել է: Նախկինում տարկետում ստացած ավելի քան 600 զինապարտ արդեն զորակոչվել են բանակ։
«Հիմնականում երիտասարդության շրջանում տարածված են սրտանոթային, մաշկային, էնդոկրին, նեյրոհոգեբուժական հիվանդություններ, ինչի պատճառով էլ զինվորական ծառայության չեն զորակոչվում: Հոգեբուժական հիվանդությունների մի մասը հիմնականում լինում են ինքնավնասումներ: Այդպիսի դեպքեր հիմնականում լինում են Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում: Սրտանոթային հիվանդություններ ունենում են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում»,- ասաց Մուրադյանը:
Տարկետման համար հիմք են հանդիսանում նաև սրտի վիրահատությունները, էխինոկոկը, էնդոկրին համակարգի հիվանդությունները։ Մուրադյանի խոսքով, վերջերս ավելացել են նաև լյարդի մեծացման դեպքերը, ալերգիկ հիվանդությունները։
Նախկինում տարկետում ստացած 2 երիտասարդ ամառային զորակոչի ընթացքում կամավոր դիմել են բանակ զորակոչվելու համար։ Զինկոմի խոսքով` նրանցից մեկը հոգեբուժական հիվանդանոցում հետազոտելուց հետո չի զորակոչվել, մյուսը մեկնել է ծառայության։
Վերջին ամիսներին ավելացել են նաև ՊՆ «թեժ գծի» զանգերը։ Ստացվում են հիմնականում կոռուպցիայի մասին ահազանգեր, որոնք ուղարկվում են ուսումնասիրության։