Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Որպես խափանման միջոց դատարանին առաջարկվել է կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում նախկին վարչապետի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին այսօր մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով):

Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Հայաստանի նախկին վարչապետին հարցաքննության են կանչել. Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: