Վաղվան սպասելիս. «Սանիթեքը» պատրաստ է վճարել տուգանքը, «Ելք»–ն անակնկալ է խոստանում

Երևանում աղբահանությունը մոտ 20 օր պատշաճ կերպով չի իրականացվել։ Շոգի պատճառով աղբի կուտակման վայրերում գարշահոտ է տարածվում և վտանգավոր վարակների օջախներ են առաջանում։ Աղբահավաք ընկերությանը տուգանել են, սակայն հարցը դեռ չի լուծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը հարգանքով է վերաբերվում 12 մլն դրամի (մոտ 25 հազար դոլար) նրան տուգանելու Երևանի քաղաքապետարանի որոշմանը, Sputnik  Արմենիայի թղթակցին հայտնել են ընկերությունից։

«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի

Ավելին, բոլոր սպասումներին հակառակ, ընկերությունը հաշվի կառնի քաղաքապետարանի նկատողությունը, և որոշումը չի վիճարկի։ Սա հատկապես տարօրինակ է, քանի որ քաղաքապետարանի որոշման հրապարակումից առաջ, «Սանիթեքը» քաղաքային իշխանություններին «դժգոհությունների» ցանկ էր ներկայացրել` հիշեցնելով աղբանոցների ողբալի վիճակի, սարսափելի փողոցների, աղբատար խողովակների հետ կապված խնդիրների և սուպերմարկետների աղբի մեծ ծավալների մասին։

Բնականաբար քաղաքապետարանը իր մեղքի բաժնի մասին չի մտածել և ինչպես քաղաքացիների, այնպես էլ «Ելք» խմբակցության համար ամենասպասելի որոշումն է կայացրել։ Հենց «Ելք»–ն է ընկերությանը վերջնագիր ներկայացրել. կամ բոլոր խնդիրները լուծվում են մեկ շաբաթ ժամկետում, կամ սկսվում է պայմանագրի խզման գործընթաց։ Այժմ էլ այդ նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է Facebook–ի իր էջում հիշեցրել է, որ ժամկետն ավարտվում է օգոստոսի 9-ին, և եթե պահանջը չկատարվի, ապա ընկերությանն անակնկալ է սպասում։

«Ելքը» «Սանիթեքին» վերջնագիր է ներկայացրել. Տարոն Մարգարյանն այստեղ կապ չունի

Միևնույն ժամանակ, քաղաքացիները շարունակում են ահազանգել աղբի կուտակումների և աղբատար խողովակներից եկող սարսափելի հոտի մասին։ «Կենտրոն» վարչական շրջանի բնակչուհի Արաքս Մաթևոսյանը նշեց, որ ընկերության աղբահավաք մեքենան երկար ժամանակ նրանց բակ չի եկել, ինչի պատճառով աղբամաններում կուտակված աղբը սկսել է փտել։ Բակի բնակիչները ստիպված են ինքնուրույն իրականացնել աղբահանությունը և փորձում են աղբը թափել այն աղբամանների մեջ, որոնք երևացող տեղերում են գտնվում` հույս ունենալով, որ գոնե այնտեղից այն կհեռացվի։

«Սանիթեք» ընկերությունը` Բեյրութում 2010 թվականին հիմնադրված Sanitek International Group միջազգային ընկերության մասնաճյուղն է։ Երևանի վարչական շրջաններից մեկում այն սկսել է գործել 2014 թվականի դեկտեմբերից։ 2016 թվականից ընկերությունը սպասարկում է Երևանի բոլոր վարչական շրջանները։