ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ-ը որոշել է փոփոխություններ կատարել այս տարի ուժի մեջ մտնող ՀՀ շարքային քաղաքացիների կողմից Հայաստան ներկրվող որոշ ապրանքների թույլատրելի չափաքանակների մասին նախկինում հաստատված որոշման մեջ:
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այս որոշմամբ նախկինում հաստատված 3 կգ մսի փոխարեն քաղաքացիները կկարողանան առանց մաքսային ձևակերպման մինչև 30 կգ միս ներկրել, ծառերի ու բույսերի համար սահմանված առավելագույնը 5 հատ քանակը հասցվել է 15-ի, սուրճինն ու թեյինը`15 կգ-ի` 15-ի փոխարեն և այլ: Ինչպես նշեց Անանյանը այս ցանկը բավական մեծ է:
Բայց կառավարության անդամներին ամենից շատը զարմացրեց ծամոնի սահմանված չափաքանակը:
«1 կգ ծամոն մի քիչ դժվար է պատկերացնել: Իսկ դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»,- ասաց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ ծամոնի այս քանակը սահմանված էր նախկին որոշմամբ, իրենք դրանում փոփոխություններ չեն իրականացրել:
Գյուղատնտեսության նախարարն էլ զարմացավ, թե ինչպես կարելի է 5 անգամ սահմանը հատելիս 5 կգ ծամոն բերել Հայաստան:
«Եթե մարդն օրական 5 անգամ սահմանն անցնի ու ամեն անգամ իր հետ 1 կգ ծամոն բերի, դա կլինի շաբաթական 35 կգ, տարվա կտրվածքով էլ չեմ խոսում: Ամբողջ ազգը կսկսի ծամել»,- ասաց նախարարը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ դեպքում դա կհամարվի բիզնես ու դրա վերահսկմամբ կզբաղվեն համապատասխան մարմինները:
«Մենք սիրում են ինչ-որ տեղ գնալիս հորքուրի, մորքուրի համար ինչ-որ բաներ բերել: Կարծում եմ այս ազգային առանձնահատկությունը նախկին որոշման մեջ հաշվի չէր առնվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կայացվող նոր որոշումը նաև հակակոռուպցիոն ռազմավարության մաս է, որպեսզի որևէ ապրանք Հայաստան բերելու համար քաղաքացին կոռուպցիոն կապեր փնտրելու կարիք չունենա:
Թե երբվանից կմտնի նոր որոշումն ուժի մեջ, երբ ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան նոր քանակներով ապրանքներ ներկրել Հայաստան, ՊԵԿ-ը կհայտարարի առաջիկայում: