Անառակաբարո գործողություններ են կատարվել 2 անչափահասի նկատմամբ «ՍՕՍ մանկական գյուղում»

Կասկածյալը «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետն է, որը նաև իր արհեստանոցում երեխաներին սովորեցրել է գործնական հմտություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «ՍՕՍ մանկական գյուղի» «Իջևան» մասնաճյուղում սեռական ոտնձգություններ են կատարվել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ։

Քաջարանում դանակահարել են անչափահասի. կասկածյալը ևս անչափահաս է

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու դեպքի առթիվ:

«Տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, որն իր արհեստանոցում երեխաներին սովորեցրել է գործնական հմտություններ, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ։

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով» »,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

Նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: