ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը։ Այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով: Երաշխավորագրի տակ ստորագրել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրին միացել էին նաև պատգամավորներ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունից։ Նույն խնդրով ՀՀ գլխավոր դատախազությանը երեկ` օգոստոսի 7–ին դիմել էին նաև Արցախի ԱԺ պատգամավորները։