Փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից.Զեյնալյան

Նախախարը հիշեցնում է` դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:

Այս մասին ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:

Քոչարյանի փաստաբանները «ֆեյսբուքյան հարձակման» են ենթարկվում. գործին խառնվել է ՄԻՊ–ը

Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից»,–գրել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը հիշեցնում է, որ նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:

Նա նաև հարկ է հարամում կրկին նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

«Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:

Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: 

Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն»,–գրել է Զեյնալյանը և հիշեցնում, որ պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:

Ալումյան. «Իմ նկատմամբ ֆեյսբուքյան «համակարգված հարձակումներ» կան»

Նախարարն ընդգծում է` անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:

«Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես»,–իր խոսքն ավարտում է Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և դրանցից դուրս ատելության ու անհանդուրժողականության ալիք է ձևավորվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ։ Հանրության մի մասը այս 3 փաստաբանների` Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի և Արամ Օրբելյանի մասնագիտական գործունեության ծավալումը գնահատում է որպես դավաճանություն և հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։