Փաշինյանը կոչ է անում կանգնեցնել ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել բնապահպանական խնդիրներով քննարկում։ Անդրադարձել են ծառագողությանն ու որսագողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Կառավարությունում, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանն, այսօր հայտարարվել է, որ անտառհատումները Հայաստանում տարիներ շարունակ մնում են մեծ ծավալների և մարդկանց մեծ խումբ կա, որ մասնագիտացած է այդ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ ժամանակի հետ իրավիճակն ավելի է վատացել` հանգեցնելով նրան, որ մարդիկ այլ բան չեն մտածում, քան հատել անտառը, վաճառել ու դրանից եկամուտ ստանալ։

Դիլիջանի ծառահատումների համար պատասխան կտան ներկայիս և նախկին ղեկավարները

Փաշինյանը հրահանգել է իրագործել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի անտառային տնտեսության բնականոն զարգացմանը և անտառաշատ տարածքների բնակիչներին այլընտրանքներ առաջարկել` լուծելով նրանց աշխատանքի ու եկամուտների հետ կապված հարցերը։

Վարչապետը նաև նշել է, որ անտառաշատ մարզերում այսօր զբոսաշրջության զարգացում է նկատվում և որոշակի հեռանկարներ են բացվում այդ մարզերի բնակիչների համար: «Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել Ճանապարհներին, սղոցարաններում, հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը:

«Օտարները» Հայաստանի անտառներում. ինչո՞ւ են Դիլիջանի բնակիչներն ատում ռեյնջերներին

«Այսինքն` այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը:

Ծառագողությունից բացի Փաշինյանը կարևորել է նաև որսագողության դեմ պայքարը` նշելով. «Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»։

Բնապահպանական ոլորտի պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են, որ միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս:

Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: