Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարարը կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից.Զեյնալյան

Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ է եղել, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ դրդապատճառներով: Զեյնալյանը ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը:

Այնուհետև, արդարադատության նախարարը ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները: Շրջայցը շարունակվել է ՔԿՀ բուժմասում, որտեղ նախարարին ներկայացրել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար առկա հնարավորությունները:

Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և պատրաստման պայմաններին:

Ումից ու ինչ նվեր կարող է ստանալ դատավորը. թանկ նվերը կհասնի պետությանը

Գրադարանում  Զեյնալյանը ծանոթացել է ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:

Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց: