Կառավարությունը վճարել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի մի մասը

ՀՀ առաջին փոխվարչապետը հայտնում է, որ նաիրիտցիներին 5 ամսվա համար 55 մլն դրամ աշխատավարձ է վճարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները»,– գրում է նա։

Փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնում գործարանի աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու և արտակարգ իրավիճակների ու ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար։

«Նաիրիտի» հնարավորությունները կուսումնասիրեն Եվրոպայի և ԱՄՆ–ի ներդրողները

Հիշեցնենք` «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940 թվականին, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, որը հետագայում վերանվանվեց «Նաիրիտ-2» հիմնադրվել է 1976-ին։

1989 թվականին Հայաստանում սկիզբ առած բնապահպանական շարժման արդյունքում գործարանը փակվեց և վերագործարկվեց 1992-1993 թվականներին։ 1995թ-ին գործարանը բաժանվեց 3 ընկերության` «Նաիրիտ» ՓԲԸ, «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ներ։

2003-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվեց քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը (գործում է Չինաստանում), որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40% է։

Իսկ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 90%-ը 2006-ին վաճառվեց «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ Տնտեսական ճգնաժամի պատճառով 2008-ին «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվեց։ Վերագործարկման բոլոր ծրագրերն ու խոստումները մինչ օրս մնացել են անկատար։