ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ոչ միանշանակ են ընդունել հասարակական հարձակումներից փաստաբաններին պաշտպանելու համար միջոցներ մշակելու` Արա Զոհրաբյանի առաջարկությունը։
ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցած քրեական գործի «կողմնակի արդյունք» դարձավ սոցցանցերում և այլ հանրային հարթակներում Քոչարյանի պաշտպանների հասցեին տեղացած քննադատությունը։ Խոսքը բավական հայտնի իրավաբանների մասին է, որոնց թվում է նաև փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը և Հայկ Ալումյանը (որին շատերը ճանաչում են Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց պատմության ժամանակից)։
Նրանց հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ սկսեցին հնչել այն պատճառով, որ նրանք պաշտպանում են երկրորդ նախագահին։ Քոչարյանի կերպարն, ինչպես հայտնի է, ոչ միանշանակ է ընկալվում հայ հասարակության մեջ, արդյունքում տուժում է նաև իրավաբանների հեղինակությունը։
Նպատակ ունենալով պաշտպանել գործընկերներին՝ Փաստաբանների պալատի նախագահ Զոհրաբյանն առաջարկել է օրինագիծ մշակել համացանցում և մասնավորապես սոցցանցերում իրավաբանների հասցեին հնչեցրած վիրավորանքներն ու անվայել արտահայտությունները քրեականացնելու մասին։
«Վերջին ժամանակները ԶԼՄ–ներում և սոցցանցերում հաճախակի են դարձել դեպքերը, երբ իր մասնագիտական աշխատանքն իրականացնող փաստաբանը նույնականացվում է իր պաշտպանյալի հետ։ Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց պաշտպանյալների անձով և հասարակության մեջ այդ անձանց բացասական ընկալման հետ», – ավելի վաղ նշել էր Զոհրաբյանը` նման վերաբերմունքն անընդունելի համարելով։
Փաստաբանների հասցեին արվող հանրային վիրավորանքների աճը հաշվի առնելով՝ Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդի ուսումնասիրմանն է դրվելու ՀՀ արդարադատության նախարարին` Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելու հարցը։ Նպատակը` քրեականացնելն է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված նրանց հասցեին հնչող վիրավորանքները։
Միևնույն ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Զոհրաբյանի նախաձեռնությանը թերահավատորեն և քննադատությամբ է վերաբերվում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը, փաստաբանների պալատը հնարավորություն ունի պաշտպանելու իրավաբանների պատիվն ու հեղինակությունը` առանց համացանցում հնչող վիրավորանքները քրեականացնելու։
«Չեմ կարծում, որ իրավիճակը փաստաբանների հասցեին հնչող վիրավորանքները քրեականացնելու անհրաժեշտություն է թելադրում։ Փաստաբանների պալատը այլ լծակներ և հնարավորություններ ունի դրա համար, որպեսզի կանխի դա` առանց օրենսդրական փոփոխությունների դիմելու։ Գուցե, սկզբում պետք էր որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, այնուհետև միայն քրեականացնել… Բացի այդ փաստաբանների հասցեին հնչած «մահացու» վտանգ պարունակող սպառնալիքներ չեմ հանդիպել», – նշեց Ալեքսանյանը։
Ամենևին ցանկություն չունենալով արդարացնել փաստաբանների, իրավապաշտպանների վրա հարձակումները, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանության վերաբերյալ մարդկանց արձագանքը բնական եմ համարում։
«Քոչարյանի նկատմամբ հասարակական ցասումը, ամբողջ այդ նեգատիվն այնքան ուժեղ է, որ ակամայից նաև փաստաբաններն են հայտնվում քննադատության և կշտամբանքի տեղատարափի տակ։ Եվ դա կարելի է հասկանալ», – ավելացրեց նա։
Բացի այդ, ինչպես նշեց Ալեքսանյանը, անցյալում, երբ իրավաբանները բազմիցս հետապնդումների և ճնշումների էին ենթարկվում իշխանության, ուժայինների, օլիգարխների, կրիմինալի կողմից, Փաստաբանների պալատը չգիտես ինչու անգործության էր մատնված։
«Ինձ թվում է, որ հենց այդ անգործությունն է այսօր նման իրավիճակի հանգեցրել։ Սակայն չեմ կարծում, որ ելքը սոցցանցերում գրառումների պարտադիր քրեականացում է ենթադրում», – կարծում է իրավապաշտպանը։
Գուցե, Զոհրաբյանն իր հաշվարկը կառուցել է երկրում եղած իշխանափոխության վրա, և որ նոր ղեկավարությունն ավելի բաց է առկա խնդիրների քննարկման համար։ Սակայն գործնականում Զոհրաբյանի առաջարկը կարող է հակառակ արդյունքի բերել` համացանցում գրաքննության ուժեղացմանը։
«Չեմ կարծում, որ մարդուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ինչ–որ գրառման համար։ Կարելի է տուգանքներ սահմանել, վերահսկող մեխանիզմներ կիրառել, սակայն քրեական հետապնդումն անընդունելի է», – համոզված է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։
Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։