«Ռուսական երկաթուղիները» սկսել են մշակել Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման հարցը. Միշարին

Հայաստանում կարծում են, որ երկաթուղու կառուցումը կարող է զգալիորեն չեզոքացնել երկիրը տարածաշրջանային նախագծերից հանելու Թուրքիայի ու Ադրբեջանի փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը լրիվ իրական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը։

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ դուստր ընկերությունը, կոնսեցիոն համաձայնագրի համաձայն, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցն ու Իրանի հետ նախագծի իրականացման դեպքում շահառուներից մեկը կլինի։

ՀՀ երկաթուղում 10 տարվա ներդրումները գերազանցել են 230 միլիոն դոլարը. ՌԵՈւ փոխնախագահ

«Մենք իսկապես սկսել ենք զբաղվել այդ հարցով։ Այսօր այդ երթուղին (Պարսից ծոց-Սև ծով, անցնում է Հայաստանով – խմբ.) մուլտիմոդելային է, այսինքն` ներառում է երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումներ: Մենք կարծում ենք` այդ երթուղու ձևավորման ուղղությամբ Հայաստանի ու Իրանի կառավարությունների թափած ջանքերը պետք է շարունակել ու զարգացնել։ Դա առաջին փուլն է», – նշեց Միշարինը։

Երկրորդ փուլը երկաթուղային երթուղու համար

«Կարծում եմ` Իրան–Հայաստան երկաթուղին գործարկելը տեխնիկապես հնարավոր է։ Պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ, ներդրումներ գտնել, ու այնպիսի նախագծեր մշակել, որը կարող է հաջորդ 10 տարիների արդյունքներից մեկը դառնալ», – ասաց նա։

Հայաստանում կարծում են, որ երկաթուղու կառուցումը կարող է զգալիորեն չեզոքացնել երկիրը տարածաշրջանային նախագծերից հանելու Թուրքիայի ու Ադրբեջանի փորձերը։ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը հոկտեմբերին Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին են մեկնարկում։ Այդ իրադարձությունը Երևանում մեծ անհանգստություն է առաջացրել։

Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ տրասնպորտային նախագծերը չեն կարող մրցել միմյանց հետ. ամեն ինչ կորոշեն ինքնարժեքն ու փոխադրման պայմանները։ Այդ առումով «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքով մուլտիմոդալային փոխադրումները Հայաստանի տարածքով որոշ պայմաններում կարող էին բավականին արդյունավետ աշխատել։

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։ ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։

Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունել և 27 կայան։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։