Պալատական շքախումբ չի լինելու.Փաշինյանի կինը ծանոթներին հետ է վարժեցրել վատ սովորությունից

Աշխատանքի տեղավորման հարցերով վարչապետի կնոջն այլևս չեն դիմում ծանոթներն ու ընկերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ամեն օր աշխատանքի տեղավորման վերաբերյալ մի քանի տասնյակ խնդրանքներ է ստանում անծանոթ մարդկանցից, սակայն նրան հաջողվել է այդ սովորությունից հետ կանգնեցնել ընկերներին և ծանոթներին։

«Տխուր է, որ մարդը դիմում է` մեծ հույսեր ունենալով, իսկ ես ոչնչով օգնել չեմ կարող։ Միակ բանը, ինչ կարող եմ անել, նստել համակարգչի առաջ և համացանցում թափուր աշխատատեղեր փնտրել», – նշեց նա։

«Լույսը» չկա, բայց ուսումն արտասահմանում լինելու է. Հակոբյանը` նոր նախաձեռնության մասին

Հակոբյանը հույս հայտնեց, որ կառավարությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, նոր աշխատատեղեր կստեղծվեն և քաղաքացիները ստիպված չեն լինի դիմել նման խնդրանքներով։

Վարչապետի կինը նաև նշեց, որ աշխատանքի տեղավորման հարցով նրան դադարել են դիմել ծանոթներն ու ընկերները։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է կասեցնել «պալատական շքախմբի» ձևավորումը և «ծանոթով» հարցերը լուծելու բոլոր խնդրանքները դադարել են։

Ավելի վաղ Հակոբյանը հայտնել էր, որ որոշ մարդիկ նրան ճանաչելն առավելություն են համարում անձնական հարցերը լուծելու համար։ Նա նկատել էր`կարևոր չէ, թե ով և քանի անգամ է նրա հետ սուրճ խմել։ Այդ հանգամանքը նրանց կարիերայում որևէ բան չի փոխի։