Վերին Լարսում կուտակումները շարունակվում են.հայկական կողմը լավատես է, ռուսականը` ոչ այնքան

Վերին Լարսի անցակետով մեկ մեքենայի անցումը 3-5 ժամ է տևում։ 400 ավտոմեքենա սպասում են իրենց հերթին։ ՀՀ վարչապետի հրահանգով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այսօր մեկնել է Վերին Լարս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Վերին Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,-գրում է Արմեն Փամբուխչյանը` խոստանալով օրվա ընթացքում նոր տեղեկություններ հաղորդել:

Ի՞նչ է կատարվում Լարսի անցակետում. ռուսական կողմում 4 կիլոմետրանոց հերթ է գոյացել

Ռուսաստանի ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ այս պահին Վերին Լարսի ռուսական անցակետի մոտ շուրջ 400 ավտոմեքենա կա կուտակված։

«Առավոտյան ՌԴ–ի տարածքից մեկնելու համար շուրջ 300 մարդատար և 109 բեռնատար ավտոմեքենա էր կանգնած»,– հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նույն աղբյուրի դիտարկմամբ` ավտոմեքենաների հերթի նվազման միտում առայժմ չի նկատվում, քանի որ հանգստացողների հոսքը դեպի Հյուսիսային Կովկաս շարունակվում է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր մեկնել է Վերին Լարս` տեղում խնդրին ծանոթանալու։

Նշենք նաև, որ մեկ ավտոմեքենային ացնումը մաքսակետով, ԱԻՆ–ի տվյալներով տևում է 3-5 ժամ։