ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում մահացած են գտել 26–ամյա Նիկոլոզ Խուբուտիային, «Կոլչուգա» զենքի խանութի ղեկավար ու «Ռուսաստանի վրացիների» միության նախագահ Միխայիլ Խուբուտիայի որդուն։ Այս մասին հայտնում է Rustavi2 հեռուստաալիքը։
Գլխի հրազենային վնասվածքով 26–ամյա Նիկոլոզ Խուբուտիայի դին հայտնաբերել է տան աշխատակցուհին։ Լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ բնակարանը ներսից փակ է եղել, իսկ երիտասարդը վերջին շրջանում անընդհատ բողոքում էր, որ հոգնած է։ Ենթադրաբար՝ դա ինքնասպանություն է եղել։
«Ինչի՞ համար, որդիս։ Դու բարի, քնքուշ, գրագետ ու խելացի ես։ Հիմա ինչի՞ համար ապրեմ», – գրել է գործարարը Facebook սոցիալական կայքում որդու լուսանկարի տակ։
Գործարարը նաև շնորհակալություն է հայտնել ընկերներին ցավակցությունների ու աջակցության համար ու հայտնել է որդուն հրաժեշտ տալու ժամանակն ու վայրը։
Ավագ Խուբուտիան «Կոլչուգա» զենք վաճառող ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա նաև գլխավորում է «Շատյոր Առևտրի տունը», որը ղեկավարում է «Գոստինի դվոր» համալիրը։ 33 տարեկանում նա Մոսկվայի մարզի առևտրի նախարար էր։ Նաև «Ռուսաստանի վրացիների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է։ REN TV հեռուստաալիքը հայտնում էր, որ Խուբուտիային Մոսկվայի «զենքի բարոն» են անվանում։