Բացառիկ գտածո Եգիպտոսում. գետնի տակ Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել

Եգիպտոսի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկում` Լուքսորում Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Լուքսոր համալիրում իրականացրած վերանորոգման աշխատանքների ընթացքում եգիպտացի բանվորները Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել։ Այս մասին կիրակի լրագրողներին ասել է քաղաքի հնագույն հուշարձանների հարցերով վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը։

ՌԻԱ Նովոստիի համաձայն` հուշարձանը հայտնաբերել են բանվորները` Կառնակի և Լուքսորի վանքերը միմյանց միացնող ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ։

Եգիպտոսի եռակի հայ վարչապետը, ում անունով փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում

Աբդել Ազիզը նշել է, որ արձանը Գիզայում գտնվող Սֆինքսի հայտնի նույնանման արձանի ձևն ունի` մարդու դեմքով և առյուծի մարմնով։

Մասնագետները դեռ չեն շտապում հուշարձանը դուրս բերել գետնի տակից, որպեսզի չվնասեն այն կտրուկ ջերմաստիճանի փոփոխությունների պատճառով։

Գիզայում Սֆինքսի արձան կերտել կարգադրել էր Հեֆրենը, Հնագույն թագավորության (մ.թ.ա. մոտ 2500 թ.) չորրորդ դինաստիայի չորրորդ փարավոնը։ Ժայռից փորված մարդու գլխով առյուծի արձանը մինչ օրս աշխարհի ամենամեծ արձանն է համարվում։

Համարում են, որ Հեֆրենը հրամայել էր այդ սարսափելի կերպարին փոխանցել իր դիմագծերը (սֆինքս` արաբերենից թարգամանաբար` «վախի հայր»)։ Բոլոր հետագա փարավոնները, պատմաբանների կարծիքով, իրենց պարտքն էին համարում, Սֆինքսի հիմքը ձեռք չտալով, «թարմացնել» միայն նրա գլուխը` ձգտելով, ինչպես Հեֆրենը, իրենց դիմագծերի առավելագույն նմանությունը հաղորդել։