Թրամփի իրանական քաղաքականությունն ու Հայաստանը. Թեհրանն ու Երևանը հիշում են դժվար օրերը

Հայաստանն ու Իրանն աջակցել են միմյանց Արցախյան պատերազմի և պատժամիջոցների ժամանակ. այդպես են վարվելու նաև ապագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Վաշինգտոնի և Թեհրանի դիմակայությունը չի անդրադառնա հայ-իրանական հարաբերություններին, Sputnik Արմենիային ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Վարդանյան. «Բազմիցս տեսել ենք, որ Թրամփը մի թվիթով հերքի իր նախորդ թվիթը»

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է բարձր մակարդակով հանդիպմանը, եթե Թեհրանում հանդիպելու ցանկություն հայտնեն։ Սակայն, գրեթե անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն` նշելով, որ ԱՄՆ–ն պատրաստ է նման հանդիպումների, եթե Իրանը դադարեցնի իր «խայտառակ պահվածքը», փոխի տարածաշրջանային քաղաքականությունն ու հրաժարվի միջուկային ծրագրից։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն, իր հերթին, հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն կվերադառնա միջուկային գործարքին։

Իրանագետի խոսքով` Թրամփի թիմում, ըստ ամենայնի, Իրանի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ միասնություն չկա։ Ինչ վերաբերում է Իրանին և Պոմպեոյի նախապայմաններին, ապա Թեհրանը պատրաստ է մի շարք փոփոխությունների, սակայն ոչ ամբողջ տարածաշրջանային քաղաքականության մասով։

«Իրանում չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է չմիջամտել կամ չազդել Սիրիայում կամ Իրաքում առկա իրավիճակին։ Թեհրանը դրանք իր ազդեցության գոտին է համարում, առավել ևս, որ ժամանակին մինչև այնտեղ է տարածվել  պարսից կայսրությունը»,-ասաց Վարդանյանը։

Այժմ Իրանը հայտարարում է, որ իր ներկայությունն այնտեղ, նախ և առաջ, ելնում է ազգային անվտանգության շահերից։ Վարդանյանը նշում է՝ Թեհրանում կարծում են, որ եթե նրանք հեռանան Սիրիայից, ապա այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են կրկնվել Իրանի ներսում։

Ո՞վ է Արեսի բաժին ավանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայելում ձեռքերն են շփում

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, նրա կարծիքով, դրանք չեն տուժի Վաշինգտոն-Թեհրան փոխադարձ նախատինքից։

«Երկու կողմերն էլ քաջ գիտակցում են նշանակությունը միմյանց համար։ Երևանն ու Թեհրանը մեկմեկու համար կենսական նշանակություն ունեն», – ասաց Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ փակ էին սահմանները, Իրանը «կյանքի ճանապարհ էր»։ Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում, Հայաստանն էր նման դեր խաղում Թեհրանի համար։

Իսկ այժմ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ։ Հայաստանը, նրա խոսքով, պետք է ղեկավարվի ոչ թե շահերի բախումով, այլ հիմնվի դրանց համատեղման վրա։

Այն երկրները, որոնք ընտրել էին «կամ-կամ» քաղաքականությունը, լուրջ խնդիրների բախվեցին. վառ օրինակ են Վրաստանը և Ուկրաինան։

Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Իրանի նկատմամբ խիստ քաղաքականություն է տանում։ Այսպես, օրինակ, ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ «միջուկային համաձայնագրից» անկախ նրանից, որ այդ համաձայնագրի եվրոպական մասնակիցները, ինչպես նաև Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին նման քայլի և մնացին գործարքում։

ԱՄՆ-ն կանոնավոր կերպով պատժամիջոցներ է կիրառում Իրանի իշխանությունների և իրանական ընկերությունների նկատմամբ։