«Մանուշյանի խմբի» վերջին անդամ լեգենդար Արսեն Չաքարյանը հեռացել է կյանքից

Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անունով են անվանակոչվել փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալենսում և Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Ֆրանսիայի պաշարման ժամանակ նացիստների դեմ ընդհատակյա պայքարող Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամ Արսեն Չաքարյանը կյանքից հեռացավ 101 տարեկանում, հայտնում է Le Monde–ը։

Ո՞վ է առաջինը ճանաչել Ազնավուրին. պատասխանում է մեծ շանսոնյեն

Նա մահացել է շաբաթ օրը Վիլժյուիֆ քաղաքում (Փարիզի հարավայիին արվարձան) գտնվող Փոլ Բրուսի հիվանդանոցում։

Արսեն Չաքարյանը դիմադրություն մարտիկների խմբի անդամ էր, որոնցից 22-ին գերմանացիները բռնել և մահապատժի էին ենթարկել 1944 թվականի փետրվարին Մոն Վալերիենում (Փարիզի արվարձան)։

Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչև իր կյանքի վերջ հարյուրավոր հանդիպումներ է ունեցել դպրոցներում, զինվորականներին և քաղաքացիական ծառայողներին խորհրդատվություններ արել, ելույթներ ունեցել հեռուստատեսությամբ,  ռադիոյով և իհարկե՝ տոնակատարությունների ժամանակ։

Ֆրանսիայի Nouvelles d'Armenie հայկական պարբերականն իր հերթին գրում է, որ պատմաբան լինելով, նա կարծում էր, որ պատմության մասին խոսելը` լավագույն միջոցն է նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։

Պարբերականը պատմում է, որ Թուրքիայում ծնված Արսեն Չաքարյանը ցեղասպանությունից փրկվել է՝ փախնելով Բուլղարիա, իսկ 1930 թվականին տեղափոխվել է  Փարիզ, որտեղ դերձակությամբ է զբաղվել մինչ երկրորդ աշխարհամարտի սկսելը։

Ժողովրդական ճակատի ցույցերին մասնակցելիս նա հանդիպում է Միսաք Մանուշյանին։ 1937 թվականից ֆրանսիական բանակ անդամագրված լինելով, նա 1942 թվականին միանում է Դիմադրությանը։

Չաքարյանի մահվան կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Twitter–ի իր էջում Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծությունից (որը նվիրված է Մանուշյանի խմբին) մի հատված է հրապարակել։