«ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա». Էդուարդ Շարմազանով

Աժ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Միջամտություն ու ճնշում`դատարանի վրա. այսպես է գնահատում Շարմազանովը դատարանի որոշումից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի`հրապարակային հայտնած կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին:

Այդ ի՞նչ գաղտնի հրաման է. մանրամասնում է ՀՔԾ ղեկավարը

ԱԺ փոխնախագահը սա համարում է հակաժողովրդավարական եւ շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում`դատարանի վրա:

ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր`կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը`խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի:

«Եվ սա՞ է իրավական ու ժողովրդավարական արժեքների պահպանությունը: Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է: Մարդը բաց տեքստով ասում է`կարծում եմ, դատարանը կմերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը`ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն`առանց դատարանի որոշման, որոշել եք`ո՞վ է մեղավոր, ով`չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը`չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը: