ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Փաստերը հարմարեցված են այն նպատակին, որն ի սկզբանե դրված է քննչական ծառայության առաջ. նման հայտարարություն է արեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցի ժամանակ նա պնդեց, որ ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է՝ «որևէ ապացույց չկա»:
Անդրադառնալով նաև 0038 հրամանին՝ Սողոմոնյանը հեգնեց, թե եթե տեքստը խրոխտ են կարդում, դրանից գործի էությունը չի փոխվում՝ ՀՔԾ-ն պետք է ապացուցի անապացուցելին:
«Նման փաստեր չեն կարող լինել, կանխատեսվել է, որ «Մարտի մեկ» է լինելու, բանակը ներգրավվելու է, հետո նախագահը տեղյակ չէր կարող չլինել, որ բանակը ներգրավված է:
Արդյո՞ք եղել է բախում ցուցարարների ու զինվորականների միջև, չի եղել, անորոշ ներկայացվել՝ այսքան պարկուճ է կրակվել»,-ասաց նա:
Ըստ Սողոմոնյանի, եթե չկա փաստ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, այն տրամաբանությունն է, թե «նստի, հետո կտեսնե՞նք»:
«Մյուս ներքաշողները ինչո՞ւ ներգրավված չեն, մասնավորապես՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սա ի՞նչ ընտրողականություն է»,- հարցրեց նա:
Վիկտոր Սողոմոնյանի հավաստմամբ՝ Քոչարյանի շահերից է բխում բոլոր փաստերի հրապարակումը:
Փաստաբան Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՔԾ պետի՝ նախօրեին հնչեցրած դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը, քանի որ ամրագրված նորմ է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են դատական պրոցեսը:
Իսկ փաստաբաններից Հայկ Ալումյանը հավելեց, որ երբ խոսում է ՀՔԾ պետը կամ ՀՀ անունից այլ պաշտոնատար անձ, ապա գնահատականները չպետք է լինեն նման միանշանակ, պետք ասեն՝ «մենք համարում ենք այսպես», չեն կարող նման աներկբա հայտարարություն հնչեցնել, քանի որ դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ դրսևորումներից մեկն է:
Ըստ Ռուբեն Սահակյանի էլ՝ գնահատականները, որ տալիս էր ՀՔԾ պետը, լսում էր նաև այն դատավորը, որ պետք է լսի իրենց բողոքը և հնարավոր է, որ մարդը վախենա: «Նման հայտարարությունը հարիր չէ ՀՔԾ պետին»,-եզրափակեց նա։