«Խաղացողը». 98 տարվա ոգեշնչող պատմություն. Քըրքորյանի կյանքը՝ մանկությունից մինչև մահ

Գյումրեցիներն այսօրվանից կարող են ձեռք բերել ու կարդալ հայտնի ամերիկահայ բարերար ու գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող գիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այսօր` օգոստոսի  4-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող «Խաղացողը»  գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացվում է, թե ինչպես աղքատ, թերուս տղան դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը:

Ովքեր են Հայաստանի ազգային հերոսները. 16-րդ հերոսը

Գիրքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսել այս տարվա հունվարի 23-ին և վերջին մի քանի ամսում դարձել է բեսթսելլեր: Գրքի հեղինակն ամերիկացի հայտնի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է, այն հայերեն թարգմանել են Ալինա և Աննա Միրզոյանները: «Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» կենսագրական գիրքը ներկայացնում է Քըրքորյանի կյանքը՝ մանկությունից մինչև մահ: Այն իննսունութ տարվա ոգեշնչող պատմություն է` ոտաբոբիկ պատանուց, մինչև Լաս Վեգասի արքա, անողոք բռնցքամարտիկից, մինչ սրտաբաց բարերար:

Հեղինակը՝ Ռեմփելը, պատմում է, որ Քըրքը պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող, որը մի գերբնական հմտությամբ` նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:

1 / 2
«Խաղացողը»` Քըրք Քըրքորյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը Գյումրիում
2 / 2
«Խաղացողը»` Քըրք Քըրքորյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը Գյումրիում

Ուիլյամ Չ. Ռեմփելն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, երբեք հանրության առջև ելույթներ չէր ունենում և իր անձնական տարածքի պահպանումն ամեն ինչից վեր էր դասում: Նրա բիզնես խորհրդատուներից և գործընկերներից շատերը դեռ համոզված են, որ նրա այդ մեկուսացվածությունը անգամ հետմահու էր պետք պահպանել: Սակայն Ռեմփելին հաջողվել է գիրք հեղինակել:

Գիրքը  փաստագրական է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:

«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը»  շնորհանդեսը  տեղի ունեցավ Գյումրիի Աբովյան ճեմափողոցում, հենց այնտեղ, որտեղ  մեկ ամիս առաջ  բացվեց հայտնի  բարերարի  արձանը: