Մասնավոր բուհերը 30 դիմորդ ունեն, իսկ պետական բուհերում կան «մեռնող» մասնագիտություններ

Շախմատ չենք խաղում, հայոց լեզու ու իսպաներեն չենք սովորում, սահմանափակ կարողություններով երեխաներին էլ չենք դասավանդում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Մանկավարժական համալսարանի շախմատ, սուրդոմանկավարժություն, իսպաներեն լեզու և գրականություն, Շիրակի համալսարանի թարգմանական գործ ռուսերեն– անգլերեն, Գավառի համալսարանի հայոց լեզու և գրականություն. սրանք այն ֆակուլտետներն են, որտեղ այս տարի ոչ մի դիմորդ չի դիմել։

Կրթական ոլորտի մասնագետներին ամենից շատ զարմացրել է Գավառի համալսարանի հայոց լեզվի ու գրականության բաժնում պահանջարկի բացակայությունը։ Այս մասին այսօր, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Կոչ եմ անում զերծ մնալ նման ուղղորդումներից». նախարարը դիմել է բուհերի ղեկավարներին

Նրա խոսքով` մնացած բոլոր դեպքերում դիմորդների բացակայությունը ԳԹԿ–ում պայմանավորում են այս տարվա առանձնահատկությամբ։ Բանն այն է, որ այս տարի դպրոցն ավարտում է 12–ամյա կրթություն ստացած առաջին սերունդը, որը թվով գրեթե կիսով չափ զիջում է նախորդ տարիների շրջանավարտներին։

2006 թվականին դպրոց ընդունված 7 տարեկանները (շուրջ 20 հազար) ավարտեցին 2017 թվականին, մյուս խումբը (9 600)` 2018-ին։

9600 դիմորդի համար հանրապետության բուհերում ընդհանուր առմամբ 21 000 տեղ կար, որոնց մի մասն այդպես էլ թափուր մնաց։

«Իսկ ոչ պետական բուհեր դիմել են ընդամենը 30 հոգի, որոնցից ընդունվել են միայն 8-ը` 1-ը Հայբուսակ, 7-ը` Հայկական բժշկական համալսարան»,– ասաց Նասիբյանը։

Պետական բուհերից ամենամեծ պահանջարկն ունեցել են Երևանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Բժշկական, տնտեսագիտական ու մանկավարժական համալսարանները։

Այս տարի ամենամեծ թվով դիմորդներ են ապահովել Երևանն ու Կոտայքի մարզը։ Իսկ Տավուշի ու Սյունիքի մարզերի դիմորդների ցածր գնահատականները տհաճ անակնկալ են եղել մասնագետների համար։

Пресс-конференция по теме "Обобщение окончательных результатов вступительных экзаменов"

«Տավուշի ու Սյունիքի մարզերում, որտեղ ավանդաբար ֆիզիկա առարկայից գնահատականները բարձր են եղել, այս տարի միջին գնահատականն եղել է բացասական` 7.2 միավոր։ Նույնը նաև ռուսերենի դեպքում է` մի փոքր ավելի լավ` դրական` 8 միավոր է գրանցվել»,– ասաց Նասիբյանը։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշներին, Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի միակ բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունները, որոնց դեպքում թափուր տեղեր գրեթե չկան, իրավաբանությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն են, բայց միայն պետական բուհերում։