Այդ ի՞նչ գաղտնի հրաման է. մանրամասնում է ՀՔԾ ղեկավարը

Հատուկ քննչական ծառայության ղեկավարը 0038 գաղտնի հրամանի որոշ մանրամասներ է բացահայտել, որը, քննության կարծիքով, ստորագրել էր 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարը և որի համաձայն իրականացվել էր ցուցարարների ցրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին չէր կարող չիմանալ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած  հրամանի մասին։

«Չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն». ՀՔԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով`  հրամանը հայտնվել է 2018 թվականի հուլիսին հարուցած քրեական գործում։ Հրամանի հիման վրա ներկա պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որն այս պահին կալանքի տակ է։  Հրամանն ապացուցում է, որ ԶՈՒ–ն ներգրավված է եղել ներքաղաքական իրադարձություններին։

Նրանում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ԶՈՒ ուժերի կողմից սահմանադրական պարտականությունները կատարելու նպատակով, հրամայում եմ` ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմին սույն թվականի փետրվարի 23-ին, 18։00-ից սկսած զորանոցային վիճակի բերել մինչև հատուկ կարգադրություն ստանալը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր…»

Բացի այդ խոսվում է մոբիլ կոլեկտիվ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնք կկարողանան գործել բարդ պայմաններում։

Եվս մեկ կետում նշվում է, որ պետք է այդ ստորաբաժանումները համալրել հոգեբանորեն կայուն մարդկանցով, ենթասպաներով և պայմանագրային զինծառայողներով։

Մեղադրանք է առաջադրվել նաև Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ

Բախումների վայրերում մոտ 1700 պարկուճ էր հայտնաբերվել, որոնցից 1400 նույնականացվել են։

ՀՔԾ ղեկավարը չբացառեց, որ զինծառայողներին «մաքուր զենք» է տրվել, որը նրանցից հետագայում հետ է վերցվել՝ հետքերը կոծկելու նպատակով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 28-ի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Նրան` Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։