Չի անցնի. ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կրկին խոսում «հողեր հանձնելուց»

Վերջին շրջանում ակտիվացել են նրանք, ովքեր փորձում էին միառժամանակ իրենց գոյության մասին չաղաղակել։ Օրինակ, ՀԱԿ–ի ներկայացուցիչները, հավանաբար, մինչ օրս ամաչում էին առանց խոշորացույցի չերևացող իրենց փոքր տոկոսներից, որոնք հավաքել էին անցյալ ընտրությունների ժամանակ, իսկ այժմ չգիտես ինչու որոշել են ստուգել իրենց հանրաճանաչության մակարդակը։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Երբ ոմն Զոյա Թադևոսյանը, կամ նեղ շրջանակներում նույնքան լայն հայտնի որևէ մեկը, ինչ–որ բան է հայտարարում, թող որ դրա բովանդակությունը զայրացնող է, պետք չէ այդ հայտարարությունները համաժողովրդական քննարկումների թեմա դարձնել, գոնե այն պատճառով, որ չգովազդվի այդ ամենը։ Մյուս կողմից` ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, նույնպես չի ստացվում, հատկապես, երբ զայրույթով լի ես։

Տիկին Թադևոսյանն, ինչպես հայտնի է, երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահություն հայտնեց, որ արցախյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել տարածքներից հրաժարվելու ճանապարհով, տարածքներ, որոնք, տիկին Թադևոսյանի կարծիքով, պատմական հայկական հողեր չեն։ Շապիկ չենք պատռելու և պատմական վիճաբանության մեջ մտնելու, առավել ևս, որ տիկինն այլ նպատակ էր հետապնդում։

Զոյա Թադևոսյանի առաջարկը կարճ ճանապարհ կդառնա Արցախի հայերի ոչնչացման համար. Բաբայան

Արդեն իսկ արձագանք է ստացվել Արցախից։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը բնութագրել էր դա, որպես «ազգային շահերի քաղաքական դավաճանություն», իսկ հատուկ հանձնարարությունների գծով հանրապետության նախագահի ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը Facebook–ի իր գրառման մեջ նշել էր, որ ժամանակն է բոլորին կամք դրսևորել և սեփական վերաբերմունքը հայտնել նման անպատասխանատու հայտարարությունների նկատմամբ։

Այժմ տիկին Թադևոսյանի երեկվա հայտարարությունը պարզաբանող վարկածների պակաս չկա, հասկանալի է, որ դա նրա անձնական նախաձեռնությունը չէր, այլ նրա առաջ խնդիր էր դրված։  Ամենևին էլ չհավակնելով բացահայտելու ճշմարտությունը, ենթադրեմ, որ Հայ ազգային կոնգրեսը (որի անդամ է Թադևոսյանը) փաստորեն հասարակության մեջ որևէ հենք չունենալով` իր մասին հիշեցնելու համար նման հայտարարություններ է օգտագործում։

Եթե չդիտարկենք ֆենթեզիին մոտ ժանրում տարբեր դավադրային վարկածներ, օրինակ` Հայաստանի դեմ մասոնների համաշխարհային դավի մասին և այլ հիմարություններ, իրականությանը մոտ միայն երկու բացատրություն կմնա նման թեման հասարակությանը հրամցնելու համար։

Նույնիսկ մեկը` միակը։  Այն վարկածը, թե նոր իշխանությունն է նման քաղաքականություն տանում, նույնիսկ ուշադրության կարելի է չարժանացնել։ Այլապես բանակցություններում Արցախի մասնակցության մասին  վարչապետի հայտարարությունները, հավանական ագրեսորին անհրաժեշտության դեպքում ադեկվատ պատասխան տալու պատրաստակամության վերաբերյալ պաշտպանության նախարարի հայտարարությունները, իմաստազրկվում են։ Նոր իշխանությունն, իհարկե, անփորձ է և մի շարք հակասական հայտարարություններ և գործողություններ է անում, սակայն նման ակնհայտ ստի չի դիմի նույնիսկ նախադպրոցական տարիքի մեկը, քաջ գիտակցելով հետևանքները։ Իսկ վարչապետը վերջերս խոստովանեց, որ չի պատկերացնում, թե ինչ կարող է լինել Հայաստանում այն իշխանության հետ, որը կարող է իրեն նման քայլեր թույլ տալ։

Սրանից ելնելով, մեկ վարկած է մնում։

ՀՀՇ–ի ժառանգորդ ՀԱԿ–ը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրն է։

Իսկ նա երբեք չի թաքցրել իր անտիպատիան հայկական ազգային արժեքների նկատմամբ։ Նրա ղեկավարության տակ նպատակաուղղված ոչնչացվել է հանրապետության ողջ արդյունաբերությունը, կրթության մակարդակն անհավանական ցածր մակարդակի է հասցվել (հանուն արդարության նշել է պետք, որ սա համընդհանուր համաշխարհային միտում է, պարզապես Հայաստանում նախկին և նոր կրթության որակի միջև անդունդը հատկապես մեծ եղավ)։

Արդարության փնտրտուք, թե՞ ուշացած հատուցում. Քոչարյանի գործը վտանգներ է պարունակում

Տեր–Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ հայ ժողովուրդը շնորհ կանի, եթե արցախյան հարցում նահանջի, այսինքն իրենից հանի պատերազմի սպառնալիքը, շրջափակումը, բացի հարևանների հետ սահմանները, Հայաստանով առևտրային ուղիների քարավաններ և գազատար ու նավթատար խողովակներ անցնեն։ Մի խոսքով, կսկսենք լավ ապրել։

Չեմ փորձի գուշակել՝ արդյո՞ք սա ՀԱԿ–ի առաջնորդի և նրա համախոհների մոլորությունն է, թե՞ որևէ մեկի կողմից դրդածը։ Սակայն, եթե մարդու համար ակնհայտ չէ, որ նրա սցենարի իրականացման դեպքում իսկապես նոր Հայաստան կառաջանա, առանց պատերազմների և շրջափակման, սակայն՝ նաև առանց հայերի, ապա նրան որևէ բան բացատրելն անօգուտ է։ Հարևան երկիրն այդ հարցում իրեն բավական ազնիվ է պահում՝ առանց ակնարկների հայտարարելով, որ նրան պետք է Արցախն առանց հայերի։ Իսկ այժմ արդեն նաև Երևանն ու Սյունիքը` նույնպես առանց հայերի։

Գուցե, տիկին Թադևոսյանի ասածը նպատակ ուներ պարզելու հասարակության մեջ այդ հարցի վերաբերյալ առկա տրամադրությունները. չէ՞ որ այն միակ նոր գաղափարն է, որով ՀԱԿ–ը կարող է գնալ սպասվող ընտրությունների։

Չէ որ ոչ հեռու անցյալում Տեր–Պետրոսյանը, իր կուսակցության հետ, արդեն իսկ եղել է իշխող նախագահ, ինչից հանրապետությունը երկու տասնամյակ չի կարողանում ուշքի գալ։

Քաղաքական ուժերի ցանկացած դասավորվածության պարագայում ՀԱԿ–ը ապագա ընտրություններում կմնա իր անզեն աչքով անտեսանելի տոկոսներով։ Սակայն դրանց ընդհանրապես չմասնակցել չի կարող, ելնելով իր առաջնորդի հսկայական ամբիցիաներից, իսկ ընտրություններին մասնակցելու համար գոնե ինչ–որ գաղափար է անհրաժեշտ, որը ժամանակի ընթացքում ծրագրային կդառնա այդ շարժման համար։ Հույս ունենալով, որ գուցե այն անցնի։

Չի անցնի, հույս չփայփայեք։