Զոյա Թադևոսյանը ներողություն է խնդրել ու առաջարկել պատժել բոլոր մեղավորներին

Զոյա Թադևոսյանը պատմություն է ուսումնասիրել և եկել այն եզրահանգման, որ ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողերն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Այս մասին այսօր գրել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը` ի նկատի ունենալով`«գրավյալ տարածքները պետք է հետ տալ» արտահայտությունը, որն ինքը արել էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Չի անցնի. ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կրկին խոսում «հողեր հանձնելուց»

«Հավատացնում եմ, ես փորձում էի ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս: Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը: Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են»,–արձանագրում է Թադևոսյանը, ապա հարց բարձրացնում, թե այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի «պետական դավաճանություն»։

Նա մեկ անգամ ևս ներողություն է խնդրել և նշել, որ բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: «Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ խմբակցության անդամ Զոյա Թադևոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ո՞վ է Արցախից փորձում մի թիզ հող վերադարձնել: Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն: Ազատագրված են մեր բնութագրմամբ, բայց, դուք լավ գիտեք, որ դրանք գրավյալ տարածքներ են»: