ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայ ուժայինների վերջին օրերի գործողություններն ընտրողական արդարադատության տպավորություն են թողնում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում երկրում բավական նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել` հասարակությանը հայտնի և ազդեցիկ մարդկանց կալանավորումներ, պետբյուջեից յուրացման հարյուրավոր դեպքերի բացահայտում։ Սակայն հանգամանքների տարօրինակ բերումով, արդարադատության ձեռքում դեռ հայտնվել են հիմնականում միջին օղակների չինովնիկները, իսկ ազդեցիկ անձինք մի քանի օր անց ազատության մեջ են հայտնվել։
Մարդիկ, որոնք երկար տարիներ բարձր պաշտոններ են զբաղեցրել, որոնց հարստության մասին այս տարիների ընթացքում գրում էր մամուլը, իրավապահների ուշադրությունից դուրս են մնում։ Մասնավորապես, Բադալյանի համար անհասկանալի է, թե ինչու ուժայիններն այդպես էլ ձեռք չտվեցին ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին։ Այս մարդու ունեցվածքի մասին լեգենդներ են հյուսվում, իսկ ուժայինները դեռ գերադասում են բռնել և բացահայտել միայն սոցապ ծառայության աշխատակիցների հանցագործությունները, որոնք օրերից մի օր 15 հազար դրամ կաշառք են ստացել։
Բադալյանի խոսքով` վերջին տասը տարվա ընթացքում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մասին գրում էին, որ նա մասնաբաժին ունի երկրի գրեթե բոլոր բիզնես կառույցներում։ Սակայն այդ մարդն ազատության մեջ է, իսկ իրավապահ մարմիններն անդրադարձան միայն նրա որդու` Հայկի կողմից իրականացրած 10 տարվա վաղեմություն ունեցող սպանության փորձին։ Իսկ ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել ապօրինի զենք պահելու, թանկարժեք կտավների յուրացման և թմրանյութերի պահպանման մեղադրանքով։
«Ինչու այդպես էլ հարցաքննության չկանչեցին Սերժ Սարգսյանին, չէ որ ասում էին, որ քողարկել է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության հետքերը, ստեղծել կոռումպացված տնտեսական համակարգ, սատարել և հովանավորում է հասարակությանը հայտնի մարդկանց։ Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Չգիտեմ` արդյո՞ք որևէ պայմանավորվածություն կա Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև, սակայն ակնհայտորեն վարչապետի գործողությունները որոշակի կասկածներ են ծնում», – ասաց նա։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Երևանում երկու ամսով կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին ազատ են արձակել գրավի դիմաց։