Ումից ու ինչ նվեր կարող է ստանալ դատավորը. թանկ նվերը կհասնի պետությանը

Դատավորներն ու նախարարները թանկ նվեր կարող են ստանալ միայն բացառիկ դեպքերում: 100 000 դրամանոց նվերները կհանձնվեն պետությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Եթե դատավորն օրենքով անթույլատրելի նվեր է ստացել, պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել: Եվ դրա համար ունի մեկ շաբաթ ժամանակ:

Այս օրինագիծն այսօր քննարկվեց ու ընդունվեց կառավարության հերթական նիստում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ հակառակ դեպքում` մեկ շաբաթը լրանալուց հետո դատավորը պարտավոր է այն հանձնել պետությանը, մասնավորապես` պետական գույքի կառավարման կոմիտեին:

Դատարանները Բաղրամյան 26-ից զանգ չեն ստանում. Արզումանյանը բարոյական փոխհատուցում կստանա

Իսկ անթույլատրելի նվերը համարվում է 100 000 դրամը գերազանցողը: Բայց տարվա ընթացքում դատավորի ստացած թանկարժեք նվերները չեն կարող գերազանցել  400 000 դրամը:

Ի դեպ, մեկ այլ օրենքով այս նույն կարգավորումը տարածվում է նաև նախարարների ու պետական պաշտոնյաների վրա:

Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորեց, որ այս իրավական ակտերի վերաբերյալ հանրությունը ևս պատշաճ իրազեկված լինի, որպեսզի իմանա` դատավորին նման նվերներ տալ չի կարելի:

«Իրազեկվածության մակարդակը պետք է բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնենք, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, և նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասաց Փաշինյանը:

Ի դեպ, անթույլատրելի նվերի դրույթը չի տարածվում հրապարակային միջոցառումների ժամանակ տրվող նվերների և պարգևների, ծառայողական օգտագործման նպատակով տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի, պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության, ինչպես նաև ամուսնության, ծննդյան առիթով ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի և կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում: