ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» ընդհանուր հաղթանակին Չերնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» նկատմամբ քչերն էին կասկածում:
Բանն այն է, որ առաջին խաղում հայկական ակումբը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակի էր հասել: Բայց, ինչպես ցույց տվեց պատասխան հանդիպումը, մրցակիցը շատ լավ էր նախապատրաստվել պատասխան խաղին:
Առաջին խաղակեսը անցավ շատ հետաքրքիր պայքարում: Ինչպես և առաջին խաղում, «Ալաշկերտը» հանդիպման առաջին րոպեներին բավականին լուրջ առավելություն ուներ ու կարողացավ ստեղծել ռեալ գոլային պահերը: Սակայն ոչ Ուրոշ Նենադովիչը, ոչ էլ Ժեզուս Ջեֆերսոնը իրենց պահերը չօգտագործեցին: «Սուտյեսկան» երկար ժամանակ պաշտպանվելով՝ կարողացավ ի վերջո հավասարեցնել խաղը, իսկ առաջին կեսի վերջին րոպեներին շատ մոտ էր հաջողության: Բայց «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարեվիչի հիանալի խաղը փրկեց մեր թիմին: Երկու անգամ մեր դարպասապահը կարողացավ չեզոքացնել սպառնալիքը Բոյան Բոժովիչի հարվածներից:
Զգացվում էր, որ խաղի կարևորությունը իրեն դրսևորելու է երկրորդ խաղակեսում: Համենայնդեպս ռիսկի դիմելու էին առաջին հերթին հյուրերը, որոնց հաջորդ փուլի մասին մտածելու հիմք կտար միայն խփած գնդակը «Հանրապետականում»: Սա նշանակում էր, որ երկրորդ կեսում «Ալաշկերտն» ուղղակի պետք է գործեր հիմնականում հակագրոհելով: Համենայնդեպս՝ մեր թիմին պետք էր զգույշ գործել:
Սակայն երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտը» շարունակում էր ուղիներ փնտրել մրցակցի դարպասը գրավելու համար, ու նման հնարավորություններ կային: Մինչև խաղավերջ մեր թիմը որոշակի առավելություն ուներ, սպառնալիքներ ստեղծում էինք, բայց չկար արդյունավետ հարվածը: Իսկ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին արդյունքին շատ մոտ էին հյուրերը, բայց «Ալաշկերտի» դարպասապահ Չանչարևիչի փայլուն խաղը ևս մեկ անգամ փրկեց մեր թիմին անխուսափելի թվացող գոլից: Այսպիսով` լարված ու դիտարժան խաղն ավարտվեց 0:0 հաշվով, ինչը ձեռնտու էր «Ալաշկերտին»: