Ինչո՞ւ Խաչատուրովը Մոսկվա չի մեկնում. փաստաբանի պարզաբանումը

Յուրի Խաչատուրովն այսօր էլ կարող է մեկնել Մոսկվա, բայց չի գնում հետագայում բացասական հետևանքների չբախվելու նկատառումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն առանց հավելյալ թույլտվության էլ կարող է մեկնել Մոսկվա`իր պաշտոնեական պարտականությունները կատարելու։ Բայց չի գնում, որպեսզի հետագայում չբախվի բացասական հետևանքների։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Քրեական դատավարության օրենսգիրքը այն անձի համար, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառված գրավը, վարույթ իրականացնող մարմնի առաջ որևէ պարտականություն չի նախատեսում։ Սակայն քրդատ օրենսգիրքը նախատեսել է մեկ բացասական հետևանք. նշված է, որ այն մեղադրյալը, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառված գրավը, եթե առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազն իրավունք ունի դիմել դատարան` գրավը պետական եկամուտ դարձնելու համար»,– ասաց Պողոսյանը։

Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ Երևանի հարցման մասին ՀԱՊԿ–ը տվյալներ չունի

Նա նաև հավելեց, որ գրավի գումարը չկորցնելու համար իրենք դիմել են վարույթն իրականացնող մարմնին, տվյալ դեպքում` Հատուկ քննչական ծառայությանը, բայց պատասխան առայժմ չեն ստացել։

Միջնորդությունը Միհրան Պողոսյանը ներկայացրել է հուլիսի 30-ին` հայտնելով, որ հուլիսի 31-ին Յուրի Խաչատուրովը ցանկանում է գտնվել իր աշխատավայրում։

«Ենթադրվում էր, որ այդ միջնորդության պատասխանը պետք է ստացվեր մինչև հուլիս 31-ը։ Սակայն 2 օր է անցել, բայց պատասխան չունենք։ Որևէ իրավական խնդիր չկա։ Եթե մենք ցանկանանք, ցանկացած պահի կարող ենք ինքնաթիռի տոմս գնել և լքել Հայաստանը»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ ՀՔԾ դիմելով իրենք ուղղակի վերահաստատում են իրենց պատշաճ վարքագիծը։

Նրա խոսքով, միջնորդության մեջ իրենք վարույթն իրականացնող մարմնին տրամադրել են  Յուրի Խաչատուրովի մոսկովյան երկու հասցեներն ու հեռախոսահամարները` բնակության և աշխատավայրի։ Միջնորդության մեջ նաև նշվել էր, որ Խաչատուրովը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։

«Մենք չենք հասկանում, թե ինչով է պայմանավորված ՀՔԾ կողմից ՀԱՊԿ աշխատանքների կազմալուծումը»,– ասաց փաստաբանը։

Միհրան Պողոսյանը հայտնեց նաև, որ այս օրերին Յուրի Խաչատուրովի  մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Իսկ ինչ վերաբերում է նրա առողջական, հոգեբանական վիճակին, փաստաբանի խոսքով, վերջինը գտնվում է կայուն վիճակում և տրամադրված է անցնել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Հիշեցնենք, Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով` Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը, որոշեց խափանման միջոց կիրառել 5 մլն դրամ գրավը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին` սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Իսկ քանի դեռ ՀԱՊԿ–ը որոշում չի ընդունել Խաչատուրովին փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ կառույցի գլխավոր քարտուղարը։ Ասել էր Բալայանը։