Զոյա Թադևոսյանի առաջարկը կարճ ճանապարհ կդառնա Արցախի հայերի ոչնչացման համար. Բաբայան

ՀԱԿ–ի ներկայացուցչի հայտարարությունը հասարակական դժգոհության ալիք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պատմությունը ցույց տվեց, որ Արցախը ԼՂՀ ինքնավար մարզի սահմաններում կենսունակ չէ, Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը։

Արցախի հարցն «այլ կերպ» լուծել հնարավոր չէ, կամ ինչի՞ մասին են Փաշինյանի վերջին թեզերը

«Հայ ազգային կոնգրեսի» անդամ Զոյա Թադևոսյանը հուլիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ազատագրված տարածքները կարելի է վերադարձնել Ադրբեջանին, եթե դա հակամարտության կարգավորման պահանջն է։ Թադևոսյանի հայտարարությունը հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։

«Երբեմն զարմանում ես, որ կան նման մարդիկ, որ ունեն նման աննորմալ գաղափարներ», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` Թադևոսյանի առաջարկը կարճ ճանապարհ կդառնա Արցախի հայերի ոչնչացման համար։

Բաբայանը կարծում է, որ Արցախի պետականության առկայությունն անմիջականորեն կապված է Հայաստանում պետականության առկայության հետ, իսկ Թադևոսյանի մոտեցումը որևէ կերպ չի տարբերվում Բաքվի իշխանությունների դիրքորոշումից։

Արցախի նախագահի մամուլի խոսնակի խոսքով` երբ սկսվում էր արցախյան շարժումը, սահմանների հարց չկար։ Կար վերամիավորման, պատմական սահմանի վերականգնման հարց։

«Կյանքը և Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղը ԼՂՀ ինքնավար մարզի կարգավիճակում և սահմաններում կենսունակ չէ», – ասաց Բաբայանը։

Այդ պայմաններում Ստեփանակերտը ստիպված էր ազատագրել սեփական պատմական հողերի մի մասը։

Նա նշեց, որ Թադևոսյանն անտեսում են նրանց, ովքեր զոհվել են Արցախի անկախության համար։