Լողալ, թե՞ չլողալ Սևանում. պարզաբանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ վտանգավոր է լողալ Սևանի ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին խուսափել Սևանի այն հատվածներից, որտեղ ջրի գույնը փոփոխված է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյան։

Սակայն, ընդհանուր առմամբ, լիճը հանգստացողների համար վտանգ չի ներկայացնում։

Մինչև առուն ջուր գա, Սևանը կճահճանա. բնապահպանները պահանջում են արգելել լրացուցիչ ջրառը

Վերջին օրերին Սևանի կապտականաչ գույնն անհանգստացնում է մասնագետներին։ Պարզվում է, որ տարբեր գործոններ են ազդում այդ փոփոխության վրա. ջրի ջերմաստիճանի բարձրացումն ու երկարատև շոգը, ֆոսֆորի պարունակության ավելացումը, նաև ջրի մակարդակի տատանումները։ Մասնագետները հայտնաբերել են, որ լճի ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տեսակ (անաբենա) է բազմանում, որը թունավոր է համարվում։ Արդյունքում լճի կրկնակի աղտոտման վտանգ է իհայտ գալիս։

«Նախարարությունը չի խոսում ընդհանուր լճի մասին, այլ կոչ է նում չլողալ միայն այն հատվածներում, որտեղ ջուրը կանաչավուն է։ Ջրի այդ գույնը վկայում է, որ այնտեղ վտանգավոր, թունավոր մանրէներ կան», – ասաց Թորոսյանը;

Նա ընդգծեց, որ այդ ջրում լողալը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։

Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ մտել էր Սևանա լիճ և ֆեսյբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել, որ անվտանգ է Սևանում լողալը։

Իսկ «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը խմել էր Սևանի ջուրը և վստահեցրել, որ «ընտիր ջուր է», որից հետո հայտնվել էր հիվանդանոցում։