ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Երևանի մետրոպոլիտենի միատեսակ գնացքների շարքում հայտնվեց վառ պատկերազարդած մեկը, որի հանդեպ հասարակության արձագանքներ տարբեր էին։ Գնացքի սրահում նստարանները պաստառել են նոր մուգ կարմրագույնով գործվածքով։ Իսկ պատերն ու առաստաղը ներկել տարբեր նախշերով, այդ թվում` հայկական գորգերի մոտիվներով, ինչպես նաև պատկերազարդել նկարներով և լուսանկարներով։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից, գնացքը զարդարել են Երևանի հոբելյանի առիթով։ Երևանն այս տարի տոնում է իր 2800-ամյակը։
Նկատել է պետք, որ մի քանի տարի առաջ մայրաքաղաքի մետրոյի գնացքների մեծ մասը ձանձրալի կապույտի փոխարեն ներկվել էին ուրախ նարնջագույնով։ Նստարանների կաշին ևս թարմացվել էր (թեև այժմ դրանք արդեն լավ մաշվել են)։ Նման փոփոխությունները ստորգետնյա տրանսպորտի ուղևորների մեծ մասի սրտով էր։ Արևային գույները միշտ ուրախ տրամադրություն են ստեղծում, հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո։
Ինչ վերաբերում է վերջին նորամուծությանը, ապա այստեղ կարծիքները կիսվեցին։ Մայրաքաղաքի բնակիչներից շատերին չափից ավել գունագեղ գնացքն անճաշակ է թվացել, իսկ դեկորացիան` ճնշող։
«Չգիտեմ` ով է դիզայները (կամ դիզայներները), սակայն կարծում եմ, որ նա «գերակատարել» է խնդիրը։ Շատ են գույները և ընդհանրապես ամեն ինչը մեկտեղված է։ Կարելի էր ավելի նուրբ ձևով զարդարել», – ասաց Էլինան (հոգեբան)։
Նորարարությունը չի հիացրել նաև երիտասարդ լրագրող Մանեին։
«Գնացքի վագոնն ամբողջությամբ ռաբիս ոճի մեջ է ստացվել։ Ավելի լավ կլիներ, եթե պատերը «մերկ» մնային։ Ինձ համար նման դեկորացիաները շատ ճնշող են», – ասաց նա։
Մետրոյի վագոնում գտնվելիս, Sputnik Արմենիայի թղթակիցը հետևում էր, թե ինչպես են գունազարդած ու պատկերազարդած պատերն ու դռները գրավում եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը։
Բացի այդ, նրանք, ովքեր ամեն օր օգտվում են մետրոյից, մեծ ոգևորությամբ են վերաբերվում նոր գնացքին։
«Անձամբ ես շատ ուրախացա գունեղ վագոններից։ Դրանք շեղում են ամենօրյա եռուզեռից։ Նստած եմ նոր փափուկ նստարանին և ուսումնասիրում եմ նկարները», – ժպտալով ասում է Սյուզաննան։
Նման կարծիքի է նաև Երևանի մեկ այլ բնակիչ` Արփինեն։
«Ճիշտ է չափից շատ է ամեն ինչը, սակայն ինձ դուր է գալիս։ Այս դեկորացիաները բարձրացնում են տրամադրությունս։ Դատարկ պատերը` հնամաշ գովազդային պաստառներով, ինձ վրա ճնշող ազդեցություն էին թողնում։ Շնորհակալություն մետրոպոլիտենին նման հաճելի անակնկալի համար», – ասում է նա։
Այստեղ տեղին է հիշել` «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը։ Դե ինչ, սեփական կարծիքը կազմելու համար, պետք է գոնե մեկ անգամ օգտվել նոր վագոններից… կամ դիտել Sputnik Արմենիայի լուսանկարները։