Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ Երևանի հարցման մասին ՀԱՊԿ–ը տվյալներ չունի

Генеральный секретарь ОДКБ Юрий Хачатуров
ՀԱՊԿ ղեկավարությունը Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ Հայաստանի հարցման մասին տվյալներ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ ղեկավարությունը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական հարցում ուղարկե՞լ է Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Юрий Хачатуров
Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Բալայան

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին` 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը` 5 մլն դրամ (ավելի քան 10 հազար դոլար) գրավի դիմաց. գումարն արդեն մուծված է, գլխավոր քարտուղարն ազատության մեջ է։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմն արդեն դիմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչելու պաշտոնական հարցումով` Սեմերիկովն ասել է. «Տեղեկություն չունեմ, թե հայկական կողմը գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ դիմել է որևէ պաշտոնական փաստաթղթով»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Երևանը պետք է անձամբ նախաձեռնի իր քաղաքացու հետ կանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

ՀԱՊԿ–ի անդամ է 6 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, ՌԴ–ն և Տաջիկստանը։