Քոչարյանը մարզվում է, բայց գիրք գրել չի կարողանում. ի՞նչ պայմաններ ունի նախկին նախագահը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ պայմաններում է կալանավայրում պահվում իր պաշտպանյալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա սկսել է մարզվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

Արդարության փնտրտուք, թե՞ ուշացած հատուցում. Քոչարյանի գործը վտանգներ է պարունակում

«Հիմա տեխնիկական խնդիրներ ունենք լուծելու, որովհետև գիրքն ավարտին հասցնելու հետ կապված պայմանավորվածություն ունի»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ քննարկվող հարցը վերաբերում է թույլատրելի– անթույլատրելի իրարի մուտքին։

Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները Օրբելյանի խոսքով` բավարար են,« ընդհանուր առմամբ` նորմալ»։

Այդուհանդերձ, երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացնելու դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ։

Անդրադառնալով քրեական գործի նախաքննությանն ու դրա շրջանակներում կատարվող քննչական գործողություններին` փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողության նրա փաստաբանները չեն մասնակցել։

«Թաղայինը» բռնեց Քոչարյանին, բայց չի փնտրում Սերժ Սարգսյանին

«Բայց չեմ էլ կարող պնդել, որ որևէ այլ գործողություն չի կատարվել։ Գործը, ինչպես տեղյակ եք, բազմաթիվ շերտեր ունի, և չի բացառվում, որ այլ հանգամանքների մասով ինչ-որ գործողություններ կատարված լինեն»,– ասաց Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Քոչարյանը գիրք է գրում, որտեղ անդրադարձել է նաև Մարտի 1-ի իրադարձություններին: