ԵՊՀ ոսկի երիտասարդները՝ ոսկե մեդալակիր. համալսարանականներն էլի առջևում են

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. International Mathematics Competition-ից ԵՊՀ ուսանողները ոսկե և արծաթե մեդալներով են վերադարձել: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Բժիշկի պատվավոր կոչմանն արժանացած մեծագույն հայը. ի՞նչ կարևոր բացահայտումներ արեց Հերացին

Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի 4 հոգանոց թիմը: ԵՊՀ-ն ներկայացրած էր Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից), այն անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել էր 7-րդը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն է ճանաչվել: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը և Կարեն Քեռյանը:

Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային և Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին: