Սոչիում հրդեհի զոհ է դարձել 4 հայ. ՀՀ ԱԳՆ խոսնակը պաշտոնական հայտարարություն տարածեց

ՀՀ ԱԳ նախարարությունը տվյալներ է հրապարակել Սոչիի հրդեհում տուժած հայերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սոչիում բռնկված հրդեհի զոհերի թվում 4 հայ կա։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ վկայակոչելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը:

«Հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, հուլիսի 30-ի գիշերը Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:

Նշենք, որ մինչ այդ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ  հրդեհի զոհերի թվում է ՀՀ քաղաքացի, 1950թ.–ին ծնված Նիրվարդ Հարությունյանը։

Սոչիում հրդեհի հետևանքով զոհվածներից 3–ը մեկ ընտանիքից են. նոր մանրամասներ

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի: