Փաշինյանի պետերբուրգյան այցի վերջաբանը․ Ռուսաստանի հայերը հիացած են, բայց` սպասման մեջ

Չնայած «թավշյա հեղափոխության» հետ կապված ոգևորությանը, Ռուսաստանի հայերը դեռ չեն շտապում պատմական հայրենիք վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» ու Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հայտարարած փոփոխությունները ոգևորություն է առաջացրել աշխարհի ամենամեծ հայ համայնքի` Ռուսաստանի հայերի մոտ։ Գիտենք, որ այս տարվա ապրիլ-մայիսին Երևանի բողոքի ակցիայի նման միջոցառումներ են անցկացրել նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու ՌԴ այլ քաղաքների հայերը։

«Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հայերի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի». Փաշինյան

Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը լավ կյանք փնտրելու ակնկալիքով Ռուսաստան են տեղափոխվել ու դարձել են բավական հաջողակ գործարարներ, փաստաբաններ, գիտնականներ և այլն։ Այսօր նրանցից շատերը չեն թաքցնում, որ կուզեին հայրենիք վերադառնալ ու, եթե նույնիսկ ոչ վերջնական, ապա գոնե երկրի սոցիալական ու տնտեսական կյանքին մասնակցելու համար։

Այս հարցերն են քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի հայերի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած  հանդիպմանը։ Այստեղ կային գործարարներ ինչպես Պետերբուրգից, այնպես էլ Պսկովից, Կարելիայից, Վոլոգդայից, Կալինինգրադից, Արխանգելսկից և այլն։

Sputnik Արմենիայի թղթակիցը շփվեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հյուսիսային մայրաքաղաքում մոտ 100 հազար հայ է ապրում։ Մկրտչյանի խոսքով՝ հայերը ակտիվ մասնակցում են Պետերբուրգի տնտեսական, մշակութային, հումանիտար կյանքին։ Համայնքի նախաձեռնություններից շատերը տեղի իշխանությունների աջակցությանն են արժանանում։

Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ Պիտերի հայերը հավաքվում էին տեղի հայկական եկեղեցու բակում ու իրենց համերաշխությունն էին հայտնում ընդդիմադիր շարժմանը։ Մկրտչյանի խոսքով՝ այդ ակցիաները կազմակերպչական առումով բարձր մակարդակով են անցել։

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ի հաջողությամբ. Փաշինյան

«Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը կիսում է Հայաստանում ապրողների ուրախությանը, մտահոգություններն ու հույսերը։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հիացած է մեր հայրենիքում տեղի ունեցածով», — ասում է մեր զրուցակիցը։ Պատասխանելով մեր հարցին, արդյո՞ք վերադառնալու մտադրություններ կան, Մկրտչյանը պնդում է, որ խոսքերի մակարդակով շատերն իսկապես ուզում են վերադառնալ։ Սակայն գործնական քայլեր դեռ չկան, և դա հասկանալի է, այդպիսի կտրուկ որոշումներ կայացնելուց առաջ մարդիկ նախընտրում են տեսանելի փոփոխությունների սպասել։

«Այստեղ դեռ հույզերը իրական գործողությունների չեն վերածվել։ Հնարավոր է` մարդիկ դեռ պետք է հայրենիքում գործնական փոփոխություններ տեսնեն, այդ պատճառով նրանք սպասողական վիճակում են։ Առջևում մեծ աշխատանք կա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանում ինչպես կզարգանան իրադարձությունները»,  — ասաց համայնքի ղեկավարը։

Նա նաև պնդում է, որ հայ համայնքի ու տեղի իշխանության հարաբերությունները բավականին բարեկամական են։ Դա զգալիորեն նպաստում է Սանկտ Պետերբուրգի ու Երևանի երկխոսությանը։

«Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սանկտ Պետերբուրգի ու Երևանի երկխոսության մակարդակին չի հասնում նույնիսկ Մոսկվա-Երևան երկխոսությունը։ Երբ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը Երևան է գալիս, նա ասում է, որ տուն է եկել ու խաչակնքվում է», — նշեց մեր զրուցակիցը։

Մկրտչյանի խոսքերի հուզական արձագանքի ու զգուշավոր լավատեսության մասը հաստատեց նաև 36-ամյա Էդգարը, որն արդեն ավելի քան 15 տարի Սանկտ Պետերբուրգում է ապրում։ Այստեղ նա կոշիկի ու կաշվե իրերի փոքր արտադրություն ունի։ Մեր զրուցակիցը խոստովանում է, որ շատ մտահոգ էր Հայաստանի համար։ Նա անձամբ չի կարողացել մասնակցել Երևանի բողոքի ակցիաներին, փոխարենը դա արել են նրա բարեկամները, որոնք ապրիլին Պիտերից եկել էին Երևան՝ Նիկոլ Փաշինյանի շարժմանը աջակցելու։

Նիկոլ Փաշինյանը մտադիր է օգտագործել սփյուռքի ներուժը` Հայաստանի զարգացման համար

«Ես դեմ չէի լինի թողնել ամեն ինչ ու պատմական հայրենիք վերադառնալ։ Դրա համար բազում պատճառներ կան․ հիանալի կլիմա, բարի մարդիկ, վերջիվերջո` ես այնտեղ եմ ծնվել ու մեծացել։ Բայց ինձ, ինչպես և ճակատագրի բերումով օտարության մեջ հայտնված իմ բազում հայրենակիցներին, իրական փոփոխություններ են պետք։ Մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանի նոր ղեկավարության հետ ու չենք կասկածում, որ նա ցանկանում է ինչ-որ բան փոխել։ Բայց հասկանում ենք նաև, որ ժամանակ է հարկավոր», — ասում է գործարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ռուսաստանում նրան պահող շատ բան կա․ երեխաների համար հասանելի բուժօգնություն, կրթություն, տաղանդներն ու ընդունակություններն իրականացնելու հնարավորություն, աշխատանքի մեծ շուկա և այլն։ Հայաստանում նրա մեկամյա որդին մրսել էր, ու նրանք ստիպված էին բժիշկի դիմել։ Երեխային հիվանդանոց էին տարել ու նրանցից 70 հազար դրամ էին պահանջել միայն նրա համար, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն։

«Չեմ հասկանում՝ ինչու օրենքը պետք է վանի հնարավոր հայրենադարձներին ու, հավանաբար, օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Ու Հայաստանի հետ կապված այդպիսի բացասական միջադեպերը շատ են», — ասում է Էդգարը։

Վարչապետ ընտրվելուց հետո առաջին օրերին Փաշինյանը դիմեց սփյուռքի հայերին ու Հայաստան վերադառնալու կոչ արեց։ Վերադարձածների վիճակագրություն դեռ չկա, ու դժվար է ասել՝ քանիսն են արձագանքել վարչապետի կոչին։ Կարծում եմ՝ այդ թիվը կախված է լինելու ոչ այդքան վերադարձողներից, որքան երկրի նոր իշխանությունից։