«Երազեք համարձակ, կոտրեք կարծրատիպերը». ՀՀ նախագահի հորդորը հայ երիտասարդներին

Ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա ևս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակը։ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են։ Այս մասին ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը` հուլիսի 28-ի կայացած «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողության ժամանակ:

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը, դիմելով ներկա երիտասարդներին, Սարգսյանն ասել է. «Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ ու մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը ու մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։

Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա ևս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակ, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։

«Սևան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների և ներդրողների միջև կապերի հաստատումն է ու փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։