Գարշահոտ Երևան-2800. ինչների՞ս է հոսանքը, միևնույն է՝ ջուր չկա, աղբ տանող էլ՝ չկա ու չկա

Եթե անկեղծ լինենք, Երևանը երբեք կատարյալ մաքուր ու հավաքած չի եղել։ Միշտ էլ ջրամատակարարման հետ խնդիրներ են եղել. խորհրդային տարիներին էլ, անկախության ժամանակ էլ։ Սակայն դժվար է հիշել, որ երբևիցե այս ամառվա պես բացահայտ այլանդակություն եղած լինի։
Sputnik

Նախկինում գոնե գիտեինք, որ ասենք մեր թաղամասում օրական չորս ժամ են ջուր տալիս։ Սովորել էինք, ոչ ոք չէր բողոքում, բայց այդ չորս ժամվա  ընթացքում ջուրը կար։ Բեռնատարը առավոտյան ժամը 7–ին գալիս էր աղբի հետևից «աղբի մարդը» երկաթին էր հարվածում, արթնացում էր ամբողջ թաղամասը, ու մենք, աղբի դույլերը վերցրած, ցած էինք իջնում։

Ինչի՞ վրա հույս դնեն երևանցիները. «Վեոլիա ջուրը» պարզաբանել է ջրի հետ կապված խնդիրները

Հետո Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանն եկավ, ոչ մի բան չկար, բայց մենք գիտեինք, որ դա շրջափակում է, ու երբ Տեր–Պետրոսյանը գնա, շրջափակումը կավարտվի։

Հետո իրավիճակը սկսեց կամաց–կամաց ուղղվել։ Քաղաքի շատ հատվածներում ջրամատակարարումը շուրջօրյա դարձավ, ոլորտի պատասխանատու «Վեոլիա ջուրը» ջանք էր գործադրում, եթե նույնիսկ կշտամբանքներ էին լինում, ապա  ոչ շատ լուրջ։

Աղբի հարցը մի փոքր ավելի դժվար էր. «Սանիթեքը» միշտ չէ, որ կարողանում է կատարել իր պարտականությունները, հատկապես `ամանորին և, որը շատ ավելի վատ է, ամռանը։

Բայց «լավից, վատից» էլի գլուխ էին հանում. աղբատար մեքենաները գալիս էին, աղբամանները դատարկում էին, երբեմն` գիշերվա ժամը երեքին, աղմուկով ու աշխատակիցների հայհոյանքներով. բայց դե ինչ անենք, կարո՞ղ է հեչ հայհոյանք չենք լսել։ Փոխարենը՝ հուլիսյան առավոտները թթված կենցաղային թափոնների հոտ չէին ունենում։

Աղբը որպես կենցաղի մաս կամ շարքային երևանցու հոտառության խնդիրները

Պարզվում է` առաջին զանգը նախորդ ամառ է հնչել, սակայն այն ժամանակ մենք զգուշացումը չէինք հասկացել։

Հիշու՞մ եք, անցյալ տարի ինչ «անուշաբույր» էր ամբողջ քաղաքը. մեր բարերար Տարոն Մարգարյանը մեզ էր դրանում մեղադրում, իբր շատ են երևանցիները ձմերուկ ու սեխ ուտում, իսկ դրանց կլեպները ուտելու փոխարեն նետում ենք, այդ պատճառով էլ դրանք բուրում են։  Մարգարյանը վրդովվում էր, որ աշխարհի ոչ մի երկրում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում, ու եթե ուտում էլ են` ապա կլեպով։ Այդ պատճառով ոչ մի երկրում այդպիսի հոտ չի գալիս։

Այն ժամանակ մենք չֆայմեցինք պատասխանել քաղաքապետին, որ այլ երկրներում հոտ չկա, որովհետև նրանք «Սանիթեք» չունեն։ Իսկ երբ ֆայմեցիքն, արդեն նոյեմբերն էր, կլեպներն արդեն քայքայվել էին, շոգին փոխարինել էր աշնան սառը օդը, ու աղբամանները հոտը թաքցրել էին հաջորդ ամռան համար։

Ամառն եկավ, շոգ ամառը, բայց ոչ աննախադեպ. վերջին տարիներին Երևանում հաճախ է ջերմաստիճանը 40–ից ավելի բարձրանում:

Ու աղբամանների աստեղային ժամն էլ եկավ՝ դրանք սկսեցին բուրել։ Դրանք երբեք այդպես չէին բուրել, հեշտ ու հանգիստ, լկտիաբար շուրջը թափելով իրենց պարունակությունը, մեծամտորեն ու արհամարհանքով հետևելով երևանցիներին ու պետական առաջնահերթություն համարվող զբոսաշրջիկներին։

Երբ բնակիչների վրդովմունքը գագաթնակետին հասավ, «Սանիթեքը», որի հետ երկար ժամանակ հնարավոր չէր լինում կապ հաստատել, վերադարձավ մեր իրականություն ու սկսեց պատմել մեքենաների պակասի մասին, նորոգվել չհասցնող ավտոպարկի տառապանքների մասին։ Կարող էին, չէ՞, ճիշտն ասել, որ աղբը չեն հավաքում, որովհետև ընկերության աշխատակիցներն աղբի հոտից ալերգիա ունեն։ Մենք ըմբռնումով կմոտենայինք, մենք էլ ենք մարդ, չէ՞. ալերգիան հարգելի պատճառ է։

Ե՞րբ կավարտվի Երևանի աղբային ապոկալիպսիսը. «Սանիթեքը» պարզաբանում է

Ջրի հարցում էլ է նույն պատմությունը. այս ամռանը այն մի վատ սովորություն է  ձեռք բերել. անջատվում է հանկարծակի, երկար ժամանակով ու ամենաշոգ ժամանակ։ Մարդիկ առանց խմելու ջրի էին մնում, հատկապես նրանք, ովքեր սովոր էին շուրջօրյա ջրին. այդ տեսակը կորցրել է կորցրել է ջուրը դույլերում ու կաթսաներում հավաքելու խորհրդային ունակությունը։ Օճառոտ երևանցիները մնում էին ցնցուղի տակ, իսկ նորածին երեխաները, որոնց օրական մի քանի անգամ լողացնել է պետք, անլվա էին մնում։ Հավանաբար 2018 թվականը անհաջող էր նաև «Վեոլիա ջրի» համար. նրանք խմելու ջրից ալերգիա էին ստաել, իսկ ընկերության հեռախոսներն ասես հրամանով անջատված լինեին։

Լինում էր նաև` զանգում էիր «Վեոլիա ջուր», ասում հասցեն ու հարցնում, թե արդյո՞ք կարող է առանց ալերգիայի աշխատակցի են ընդունել աշխատանքի, որը կկարողանա ջուրը միացնել, իսկ քեզ պատասխանում են. «Ձեր հասցեով ամեն ինչ կարգին է, ջրամատակարարումն իրականացվում է, ինքներդ պատճառը փնտրեք»։

Էներգետիկներն էլ ուրախացրին. Ֆուտբոլի առաջնության ամենաթեժ պահին, հետաքրքիր խաղի 15-րդ րոպեին լույսն անջատվեց։ Ընդ որում` անջատվեց քաղաքի մի հսկայական հատվածում, օրինակ՝ 15–րդ թաղամասից մինչև Կոմիտասի պողոտայի կեսը։ Մի վեց ժամից, երբ առաջնության ընթացիկ փուլն ավարտված էր, լույսը տվեցին, բայց մի երկու օրից նույն բանը կրկնվեց հենց աշխարհի առաջնության 1/8-ի  խաղի ժամանակ։

Մենք վախենում էինք նույնիսկ էլեկտրացանց զանգել՝ իմանալու, թե ինչ է պատահել. բա որ պատասխանեին, որ մենք լույս ունենք ու մեզ պարզապես թվում է, որ այն չկա՞։ Ակամայից սկսում էիր կասկածել սեփական սթափությանը։

Հետո հասկանալի դարձավ բացառապես էներգետիկներին վարակող համաճարակ էր եղել, դա էլեկտրական լույսի իդիոսինկրազիա է։ Բայց, հավանաբար, այդ հիվանդությունը ալերգիայի այլ տեսակներից ավելի արագ է անցնում, քանի որ իրավիճակն արագ կարգավորվեց։ Լուրջ բան չէր,  մի քանի տասնյակ համակարգիչ էր փչացել. կարևորը՝ բոլորը ողջ–առողջ են։

Աղոթենք, որ մասնագիտական ալերգիայի այդ զարհուրելի  վարակը չհասնի աերցիայի կայանի երևանյան անձնակազմին։