ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ —ն 2016-2018թթ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցած բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցրել է 545 մլն դրամի վնաս։ Այս փաստը բացահայտվել է ՀՀ առողջապահության նախարարության` հիվանդանոցում իրականացրած ուսումնասիրության արդյունքում։
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, ուսումնասիրության ընթացքում զանգահարել են պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժում ստացած քաղաքացիներին։ Պարզվել է` նրանք բուժում չեն ստացել, այլ միայն հետազոտվել են։ Ընդ որում, 3027 դեպքից կեղծ են եղել 2145 —ը։ Իսկ հիվանդանոցային բուժում ստացած 350 քաղաքացիներից 244-ը դրա իրավունքը չեն ունեցել։
Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար:
Խախտումներ են բացահայտվել նաև գործիքային լաբորատոր հետազոտությունների, ստոմատոլոգիական ծառայությունների, բուժանձնակազմի աշխատանքի վարձատրության, գնումների ոլորտներում։
Այս ամենի արդյունքում պետության պատճառված վնասը հաշվարկվել է կես մլրդ դրամ։ Ուսումնասիրությունները, սակայն, սրանով չեն ավարտվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է ուսումնասիրությունները։
Իսկ բացահայտված փաստերն ուղարկվել են դատախազություն՝ անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Արա Մինասյանը Սերժ Սարգսյանի դստեր սկեսրայրն է։