ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինն այսօր` հուլիսի 27-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ողջունում է երկրում ընթացող վերջին իրադարձությունների` օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ՀՅԴ-ն միաժամանակ կարևորում է, որ այդ գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։
«Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։ Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»,-ասված է հայտարարության մեջ։
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա». Ռոբերտ Քոչարյան
Երեկ` հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր Հատուկ քննչական ծառայություն` մարտի 1-ի գործով հարցաքննության։
Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել և Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել էր առաջին ատյանի դատարան։
Դատը հետաձգվել էր և շարունակվում է այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում։
ՀՔԾ-ն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` սահմանադրական կարգը տապալելը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս էին եկել փողոց և պահանջել, որ վերահաշվարկեն քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։